Թաիլանդում ավարտված ծանարմարտի աշխարհի առաջնությանը մասնակցած հայ ծանրորդները ժամանեցին Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարըուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանն, անվանի մարզիկներ և բազմաթիվ երկրպագուներ։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Օդանավակայանի սպասասրահ ծանրորդները մուտք գործեցին ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ծանրորդների ելույթները ԱԱ-ում։
«Փառք ու պատիվ մեր մարզիկներին, նրանց մարզչին՝ Փաշիկ Ալավերդյանին, ով կարողացավ 107 երկրի մեջ ապահովել Հայաստանի՝ լավագույն եռյակում տեղ զբաղեցնելը։ Մենք ունենք 2 աշխարհի չեմպիոն, կարող էր լինել նաև 3-րդը՝ Անդրանիկ Կարապետյանը, եթե լիարժեք կարողանար մասնակցել, բայց նա դեռ կապացուցի, որ կարող է աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճել։ Մենք նրան հավատում ու վստահում ենք, քանի որ նրա պես երկրորդը չկա։ Այսօր մենք տաղանդավոր շատ մարզիկներ ունենք, ազգը փոքր է, բայց շատ են տաղանդները, որոնք ազգին ճանաչում են բերում։ Այս հաղթնանակները մեզ համար մեծ պատիվ են: Բոլորը մասնակցեցին ու ավարտեցին, նոր Սիմոնը սկսեց, դա մեր ազգի համար հպարտություն է։ Փառք ու պատիվ իր ընտանիքին և ազգանունին։ Նա պետք է Օլիմպիական խաղերին մասնակցի և չեմպիոն դառնա։ Նա մեր հպարտությունն է , մեր ուժը, մեր հեղինակությունը»,-խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։