Արդեն 4-րդ անգամ անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային 4-րդ համաժողովը։ Նախաձեռնողը՝ համանուն հ/կ նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։

«Հայկական կողմն այս տարի շատ պասիվ է՝ ավելի պասիվ, քան նախորդ տարիներին։ Ես, իհարկե, միտում չեմ տեսնում, բայց ոչինչ չեմ հասկանում»,- նշեց Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ պոտենցիալը շատ ավելին է, քան օգտագործվում է։ Բոլոր ուղղություններն էլ կարող են զարգանալ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ճիշտ աշխատելու դեպքում արդյունքն իրեն երկար սպասել չի տա։ Այդ ամենի կարևոր պայմանն այն է, որ մարդիկ համագործակցեն, բանակցեն, ինչ որ լուծումներ գտնեն։

«Մենք ամեն տարի արդյունք ունենում ենք։ Անհնար է, որ չունենանք։ Մեր համաժողովներին լուրջ ու կարևոր մարդիկ են գալիս։ Այս ամենի նպատակն այն է, որ մարդիկ շփվեն, ծանոթանան իրար հետ, նոր համագործակցություններ սկսեն։ Զարգանալը, ավելին անելը' միշտ էլ կարևոր է»,- ասաց Աբրահամյանը։

Նա համոզված է, որ ցանկացած բնագավառ հնարավոր է զարգացնել։ Բայց այդ ամենը ամենը պետք է արագ անել, արագ որոշումներ կայացնել։

«Ես կցանկանայի, որ ամեն ինչ ավելի լավ լինի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ կան խնդիրներ, հարցեր, բայց դրանք չեն օգնում մեր տնտեսության զարգացմանը։ Ես անում եմ, այն ինչ կարող եմ։ Ես խնդրում եմ, որ օտար մարդիկ գան Հայաստան, որ մասնակցեն քննարկումներին, արդյունքում ՝ համագործակցություն լինի։ Բայց ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։ Հիմա պասիվ է։ Ու սա խնդիր է»,- նշեց Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ մեծ հոլդինգների ներկայացուցիչներ են գալիս, պաշտոնյաներ ու ինքը շատ կուզենար, որ Հայաստանի կողմից գոնե 1 նախարար ներկա լիներ։

«Իհարկե, ինձ չեն խանգարում, օգնում են, բայց ձև կա, չափ կա։ Ինչպես որ մոտենում են հարցին, այդպիսին էլ արդյունք է լինում։ Ես կառավարություն չեմ։ Ես անհատ եմ ու չունեմ լծակներ»,- նշեց Աբրահամյանը։