Վերջին օրերին ռուսական մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում համաձայնության են եկել և պատրաստ են մի քանի միլիարդ դոլարի դիմաց զիջել Արցախի 5 շրջանները: Այն նույն 5 շրջանները, որոնց մասին դեռևս 2010-ին խոսում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրանք սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին: Այն նույն 5 շրջանները, որոնց մասին ընդամենը վերջերս խոսեց նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է դրանց շուրջ որևէ առևտուր ծավալելուց: Կա՞ արդյոք նման համաձայնություն, թե ոչ՝ դժվար է ասել: Մի բան ակնհայտ է՝ Արցախի շուրջ ընթանում են ստվերային գործընթացներ, որոնց վերաբերյալ հանրությանը շատ քիչ բան է հայտնի: Եթե ենթադրենք մի պահ, որ ռուսական աղբյուրները ճիշտ են, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հայկական կողմը հանձնելու այդ շրջանները: Դժվար չէ կռահել, թե ինչպես: Ադրբեջանից արդեն իսկ հնչում են մեսիջներ, որ Փաշինյանը տապալում է բանակցային գործընթացը, իսկ մենք տեսնում ենք, որ թերևս այդպես էլ կա: Սա ենթադրում է, որ Բաքուն ամեն պահի պատերազմական գործողություն սկսելու իրավունք է վերապահում իրեն: Մի պարագայում, երբ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են ոչ կայուն և տրանսֆորմացիոն փուլում՝ Ռուսաստանը չի շտապելու օգնության հասնել հավանական ռազմական գործողությունների դեպքում և հայկական կողմը մնալու է հակառակորդի հետ մեն-մենակ, իրենց հերթին ծախված և 20 տարի բանակը թալանած գեներալներն էլ չեն դիմանալու ճնշմանը և տարածքներ կորցնեն: Թերևս ամեն բան հենց այպես էլ կփաթեթավորվի:
 
Արդյունքում՝ շահելու են բոլորը, բացի Ռուսաստանից: Արևմուտքը կշահագրգռի Ադրբեջանին, ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին և Արցախին՝ դառնալով դոնոր, և փաստացի կախվածության մեջ գցելով հայկական երկու հանրապետություններին: Էականորեն նվազելու է Իրանի դերը տարածաշրջանում, իսկ ռուսները ներկայացվելու են թշնամու կերպարով՝ չօգնեցին:
 
Իհարկե, ռուսական կողմը հասկանում է, որ այս սցենարը ավելի քան հավանական է և պատահական չէ, որ մեդիա դաշտում արդեն իսկ տեղեկատվական ռումբեր է պայթեցնում, փորձելով բացել Փաշինյանի և արևմուտքի խաղաքարտերը: Մյուս կողմից՝ պետք է նշել, որ Փաշինյանը, եթե անգամ գնացել է նման համաձայնության, ապա հասկանում և գնահատում է ռիսկը: Նման արկածախնդրության չգնաց անգամ Սերժ Սարգսյանը, ում ձեռքում էր կենտրոնացած ողջ պետական ապարատը, ուժայինները և քրեաօլիգարխիան: Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա դժվար չէ այսօր գնահատել նրա դիրքերը, այն, որ վարչապետը շեղվել է պետական գծից նրան անգամ թիմակիցներն են հուշում, հուշում է նաև Արցախի բարձրագույն սպայակազմը և բանակաշինության մեջ մեծ ավանդ ունեցող Վիտալի Բալասանյանը, ով բառացիորեն երեկ Փաշինյանին անվանեց հակազգային պրոյեկտ: Այսօր Փաշինյանին մնում է միայն ժամանակ ձգել, քանի որ նա չունի հանրային լայն աջակցություն, չունի լեգիտիմության բավարար պաշար՝ նման քայլերի գնալու համար: Եվ միակ հարցը այս պահին այն է, թե որքան դեռ Փաշինյանին կհաջողվի ձգել այդ ժամանակը, մեկ անգամ Բոլթոնի ծրագիրը մերժել հաջողվեց՝ արևմուտքին դա բացատրեցին ներքաղաքական գործընթացներով, այսօր սակայն այդ գործընթացներում ակնհայտ լարվածություն չի նկատվում, հետևաբար Փաշինյանն էլ չունի մանևրելու հնարավորություն: Մնում է մեկ տարբերակ՝ արհեստականորեն սրել ներքաղաքական իրավիճակը և նոր օրակարգեր առաջ բերել…