Հայաստանում հեղափոխությունից հետո դրամաշնորհ կամ գրանտ եզրույթը օգտագործվում է հիմնականում բացասական իմաստով՝ ընդգծելու համար այս կամ այն արևմտյան ֆոնդերից, կազմակերպություններից կառավարության սնվելու հանգամանքը: Այդպես է դա արդյո՞ք, թե ոչ: Փորձենք թվարկել դրամաշնորհներից ամենախոշորները, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո ստացել է Փաշինյանի կաբինետը:
 
Առաջին աղմկահարույց պատմությունը, թերևս, Տիգրան Ավինյանի ՍՊԸ-ի 35 հազար դոլարանոց գրանտն էր ԱՄՆ-ից: Այդ պատմությունը խոստանում էր դառնալ նոր Հայաստանի առաջին կոռուպցիոն սկանդալը, սակայն թեման ջրվեց:
 
Այնուհետև հերթը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն էր, ով ստիպված եղավ ընդունել այն հանգամանքը, որ Գարդասիլ պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել 294 հազար դոլարի չափով:
 
23 մլն 208 հազար եվրոյի չափով դրամաշնորհ կառավարությունը ստացավ բնապահպանության ոլորտում: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում:
 
Ընդամենը երեկ կառավարությունը ընդունեց մի համաձայնագիր, որով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար՝ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 750 հազար եվրո ֆինանսական օժանդակություն, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 2 մլն 700 հազար եվրո ֆինանսական օժանդակություն, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչեւ 2 մլն եվրո ֆինանսական օժանդակություն:
 
Կան որոշ տեսակետներ, որ կառավարության կողմից առաջ բդրվող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ևս 20 միլիոնի դրամաշնորհ է ենթադրում: Դա է նաև պատճառներից մեկը, որ կառավարությունը այդքան մեծ ջանքեր է գործադրում կոնվենցիայի վավերացման ուղղությամբ: