Հայաստանը կմեծացնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները, բժշկական կենտրոններից մեկում կստեղծի սիմուլյացիոն կրթական կենտրոն:
Կառավարությունը նիստում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հիշեցրեց, որ ներկայում Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում, այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ:
«Եթե 2023-ին մեր շահառուների թիվը կազմել է 5441 հոգի, և ծնված բալիկների թիվը եղել է 159, ապա 2024 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում արդեն շահառուների թիվը 1672 է, ծնված երեխաների թիվը՝ 109»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ծրագրի ընդլայնման արդյունքում հերթերը կնվազեն:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն:
Ավանեսյանի խոսքով՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, այդ ընթացքում նաև սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար: