Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ կստեղծվի Համահայկական ներդրումային հիմնադրամ, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որի հաստատման հարցն ընդգրկված է մայիսի 19-ին հրավիրված գործադիր մարմնի արտահերթ նիստում: Համաձայն ծրագրի՝ կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ կնպաստի նաև ներդրումային բանկերի ստեղծմանը:

 

Ներդրումային բնագավառում կառավարությունը Հայաստանի՝ որպես ներդրումների երկիր ճանաչելիության բարձրացման համար կկազմակերպի միջազգային ներդրումային համաժողովներ, առանձին մարզերի և ոլորտների միջազգային ճանաչման ու դրական հեղինակության ձևավորման միջոցառումներ, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվա­միջոցներով առաջմղմանը վերաբերող քարոզարշավներ:

 

Տարածաշրջանային և տնտեսական համագործակցության հարթակներում, պայմանավորված Հայաստանի համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շուկաների առավել մատչելիությամբ, ակտիվորեն կներկայացվեն երկրի ներդրումային գրավչությունները, պոտեցիալ ներդրողների համար կկազմակերպվեն տեղեկատվական և ճանաչողական միջոցառումներ:

 

Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն նաև վարկանիշային գնահատումներ իրականացնող միջազգային հեղինակային կազմակերպություններում Հայաստանի դիրքի բարելավման նպատակով: Կառավարության նոր ծրագիրը մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվա­կանի ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավա­րու­­թյան, ՀՀ նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված' նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: