Մարտի 15-ի Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ Լիբանանից նոր վերադարձած վարչապետ Կարապետյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Լիբանանի Հանրապետություն կատարված պաշտոնական այցն ու դրա արդյունքները։
Մասնավորապես, Կարապետյանը նշեց, որ այցի ընթացքում հանդիպումներ են եղել լիբանանյան մի շարք ընկերությունների, հայ համայնքի ներակայացուցիչների հետ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
«Ելնելով դրանցից՝ հանձնարարում եմ Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ մեկ ամսվա ընթացքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական համատեղ աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի պատրաստման հարցերը, ինչպես նաև քննարկել նաև հայ-լիբանայան ներդրումային հիմնադրամի ստեղծման առաջարկություններ»։
Վարչապետը նաև հանձնարարեց հստակեցնել լիբանանցի բիզնեսմենների հետ այցերի կազմակերպման ժամկետները։