Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարեց ներկայացնել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ունենալու նախագիծ:

 

«Հանձնարարում եմ Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազդանում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոնների նկատմամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ մարզերում, անգամ խոշոր բնակավայրերում, դեղերի հասանելիության խնդիրը շարունակում է հրատապ մնալ:

 

«Ծաղկաձորում ընդհանրապես որևէ դիմելու տեղ չկա, եթե որևէ բան պատահում է՝ հաշվի առնելով նաև ձմեռային մարզաձևերը»,-ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, հավելելով, որ ուշադրություն դարձնեն այդ հարցին: