Գնումների օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը դժգոհությունների ալիք բարձրացրեց: Որոշումն ենթադրում է՝ այսուհետ գաղտնի պահել նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը:
Ի՞նչ է մտածում այս օրինագծի մասին ու ի՞նչ է ենթադրում օրինագիծը հարցերի շուրջ' ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
Մեր զրուցակցի համար կոնցեպտը բացարձակապես ընդունելի չէ: Նրա կարծիքով՝ ծախսերը գաղտնիացնելու մասին օրենքի տակ այլ բան է թաքնված: Ավելին՝ վարկած ունի, որ այդ գումարները կգնան ընտրարշավի ծախսերին, որոնց մասին ոչ ոք չի էլ իմանա: Այս հարցում ավելի է համոզվում, հաշվի առնելով այն փաստը, որ օրենքը ընդունվեց հիմա՝ ընտրությունների շեմին: Որպես քաղաքացի իր խորին դժգոհությունը հայտնեց, քանի որ պաշտոնյաների այն հայտարարությունների հողի վրա՝ «կտեսնեք' դրականորեն ինչպես կփոխվի ամեն բան, ինչեր կանենք», այսպիսի օրենքների ընդունումը զրոյի է հավասարեցնում այդ հայտարարությունների հավաստիությունը:
Ըստ մեր զրուցակցի՝ արարողակարգային ծախսերը իրենցից պետական գաղտնիք չեն ներկայացնում և դրանք գաղտնիացնելը ավելի շատ հարցեր է պարունակում իր մեջ, քան' որևէ հիմնավորում:
Մեր այն դիտարկմանը, թե օրինագիծը հիմնավորվում է անվտանգության նկատառումներով, տիկին Ալավերդյանը պատասխանեց.
«Գաղտնիություն պարունակող ինֆորմացիայի ցանկին, եթե ավելացնում են այսպիսի ծախսեր, որոնց մեծ մասը կազմում են ընդունելության, այցելության ծախսերը, ապա դա բացարձակապես կապ չունի անվտանգության հետ»:
Նշենք, որ թեմայի առնչությամբ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ում կարծիքով՝ մեխանիզմների փոփոխության այս տեսքն ավելի շատ է հնարավորություն տալու չարաշահումներից օգտվողներին. «մարդիկ չեն լինելու պարկեշտ ու չեն լուծելու խորքային խնդիրներ»::
Հիշեցնենք, որ նախագծի ներկայացման ժամանակ ԱԺ-ում հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ առաջարկներից մեկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը. «Այս առաջարկի մասով' ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»: