Այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնայլանը հայտարարեց՝ կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին:
«Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ: Ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները՝ մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով,- նշեց նորանշանակ նախարարը։
Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն ուղղված է լինելու քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումը նվազագույնի հասցնելուն և վարչարարության պարզեցմանը. «Ռազմավարությունն ուղղված է լինելու նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ուղիների սահմանմանը։ Առանցքային ուշադրության է արժանանալու կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ»,- ավարտելով խոսքն ասաց Զեյնալյանը՝ ընդգծելով՝ ռազմավարությունը, որը մշակվելու է՝ չի կարող իրականացվել առանց հասարակության և այդ ոլորտներում մասնագիտացված կառույցների: