Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս ԱՆ պետռեգիստրում գրանցել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներց են՝ Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի ստեղծման պատճառների, նպատակներ և ծրագրերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հոգաբարձուների անդամ Արթուր Աթանեսյանի հետ:

«Զարգացման հիմնադրամի ստեղծման մտահաղացումն Արթուր Վանեցյանի և իմ համատեղ գաղափարն էր: Այն բխում է կարող ուժերի` մեր պետությանը ծառայելու, պետության և հասարակության հիմնահարցերին մասնագիտորեն արձագանքելու, այդ հիմնահարցերը հավաքական ուժերով լուծելու բնական տրամաբանությունից և անհրաժեշտությունից»,- ասաց նա:

Արթուր Աթանեսյանից հարցրինք` կարելի՞ է արդյոք այս հիմնադրամի ստեղծումը համարել Ձեր՝ քաղաքականություն մուտք գործելու առանցքային քայլերից մեկը: Այս հիմնադրամը կարելի՞ է համարել այսօրվա իշխանության ընդդիմախոսների միավորման կենտրոն: Արթուր Վանեցյանը բազմիցս ասել է, թե «ժամանակը գա, կխոսի», այս հիմնադրա՞մն է դառնալու խոսքի և գործի միջոց, սակայն մեր զրուցակիցը հստակ պատասխաններ չտվեց այս հարցերին՝ չցանկանալով, այսպես ասած, մտնել «բամբասանքների աշխարհ». «Կներեք, բայց ձեր հարցերը փորձ են մեզ ներգրավելու ասեկոսեների ու բամբասանքների աշխարհ: Մեր հասարակությունն այդպիսի բամբասանքներից հոգնել է»:
 
Նա ընդգծեց՝ հիմնադրամի առաքելությունն արտահայտված է իր անվանման մեջ. «Սա հայրենասեր մարդկանց միավորող բաց կառույց է, որն, ի տարբերություն մի շարք այլ հիմնադրամների, չի լինելու բարեգործական, այլ խթանելու է մեր հասարակության մեջ ծագող արդյունավետ և նորարար գաղափարների, ծրագրերի, նախագծերի իրականացումը: Հիմնադրամը պետք է մրցութային կարգով հավաքագրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առկա հրատապ հիմնախնդիրների լուծման նախագծեր և աջակցի դրանց իրագործմանը: Օգտվելով հայտնի ասացվածքից` «մենք մարդկանց ձուկ չենք բաժանի, այլ կտանք կարթ և կսովորեցնենք ինքնուրույն ձուկ բռնել», կաջակցենք պետական և հասարակական ոլորտում առկա և հասարակությանը հուզող այն հիմնախնդիրների լուծմանը, ինչը ենթադրում է նաև ակտիվ հանրային մասնակցություն, ներդրում, ջանքերի համատեղում: «Հայրենիք» զարգացման հիմնադրամն ուղղված է մարդկանց միավորմանը, այլ ոչ թե պառակտմանը, և առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքներով: Մեր շահն այս ամենում հետևյալն է՝ ուզում ենք մեր պետությունը կայուն և պաշտպանված, իսկ հասարակությանը` առաջադեմ և ինքնաբավ տեսնել»:

Ֆինանսավորման թեմային անդրադառնալով՝ Աթանեսյանն ասաց. «Բյուջեն գոյանալու է Հայաստանի և Սփյուռքի հայ բարերարների միջոցներից, այն բոլոր մարդկանցից, որոնք ուզում են և պատրաստ են ներդնել իրենց մտքերը, գաղափարները, գործերը, եկամտի ազատ մասը` այն ծրագրերի իրականացման համար, որոնք կներկայացնի «Հայրենիք» հիմնադրամը: Մի կողմից «Հայրենիք» հիմնադրամը ձևավորելու է իր գործունեության օրակարգը` հասարակական կարծիքի մշտական ուսումնասիրության, մասնագիտական-վերլուծական աշխատանքի և մրցութային կարգով ընտրվող ծրագրերի միջոցով, և մյուս կողմից կառաջարկի այդ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այդ թվում` ֆինանսական և մասնակցային»:

 

Նա նաև նշեց, որ հիմնադրամը մշտապես իրականացնելու է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ. «Ակնկալում ենք հասարակության ստվար զանգվածների համագործակցությունն ու ձեր կողմից կարևորվող հիմնախնդիրների մշտական քննարկումը մեզ հետ: Այդ նպատակով, մասնավորապես, հիմնադրամի տարածքում մշտապես գործելու է տեղեկատվական հարթակ: Հիմնադրամի գործունեության օրակարգը բխելու է հասարակական պահանջարկից և կարող ուժերի (անհատների, խմբերի, կազմակերպությունների) աջակցությունից` ինչպես խոսքով, տեղեկատվությամբ, այնպես էլ գործով` ֆինանսական միջոցներով, մեր ծրագրերի իրականացմանն ուղղակի մասնակցությամբ: Հիմնադրամի գործունեությունը վերաբերելու է հասարակության կարևորած և պետության համար կարևոր բոլոր ոլորտներին, այդ թվում` կրթության և գիտության ոլորտում հայաստանյան ներուժի մրցունակության բարձրացմանը, բնապահպանական նախագծերի իրականացմանն ու այդ ոլորտում հայաստանցիների ջանքերի խթանմանը, պատմամշակութային կոթողների վերականգնմանը և պաշտպանությանը, արտաքին տեղեկատվական դաշտում Հայաստանի դրական կերպարի ամրապնդմանն ու տարածմանը, տնտեսական որոշ նախագծերի սատարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երիտասարդության սատարմանը և այլն»:

Աթանեսյանի խոսքով՝ ժողովրդավարության գաղափարախոսությունն ու արժեքը միայն քաղաքական չէ. այն հանրային, և ոչ թե խմբային կամ անհատական շահի առաջնահերթության մասին է. «Հանրային շահն է, որ արտահայտված է օրինակելի պետության գործելակերպում, օրենքներում, հայրենասիրական ցանկացած գաղափարախոսության մեջ: Մեր նպատակներից է` հասարակության հետ մշտական երկխոսության ընթացքում սատարել պետական մտածողությամբ և հանրային շահով առաջնորդվող հայաստանցիների գործելակերպին և նախագծերին, նվազեցնել նեղ-խմբային և անհատապաշտական շահերով առաջնորդվելու ավանդույթը և մեզ համար կործանարար մշակույթը: Անհրաժեշտ ենք համարում աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում մարդու ինքնակայացմանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը բխում է ժողովրդավարական մշակույթից և ազգային անվտանգության առաջնահերթություններից»:

 

«Հայրենիք» հիմնադրամի նպատակներից է` օգտագործել միասնական և համատեղ ջանքերով գործելու հայաստանցիների կարողությունն ու դրական փորձը, հեղափոխական տրամադրությունն ուղղել համատեղ կառուցողական գործունեությանը, հայանպաստ նախագծերի իրականացմանը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Աթանեսյանը: