Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Գոլդ-Քոսթ քաղաքի բնակիչը հրաժարվել է արագ սննդից, սկսել է մարզվել և նիհարել է 60 կիլոգրամով: Նրա պատմությունը հրապարակել է Daily Mail պարբերականը:
26-ամյա Էնթոնի Բայերը մանկուց պայքարում էր ավելորդ քաշի դեմ և ծաղրի ենթարկվում հասակակիցների կողմից: Նա վերջնականապես կորցրեց ինքնավստահությունը, երբ քաշը հասավ 157 կիլոգրամի: «Ավագ դպրոցում սովորելը տառապանք էր ինձ համար»,- հիշում է Բայերը:
Բայերը պատմել է, որ համարձակություն է ունեցել ավարտական պարահանդեսի հրավիրել իրենց դասարանի ամենագեղեցիկ աղջկան:
Ի զարմանս նրա, աղջիկն ընդունել է հրավերը:
Տղան որոշել է տպավորություն թողնել աղջկա վրա. նոր կոստյում է գնել, հարդարել մազերը և վարձակալած լիմուզինով գնացել է նրա ետևից: Բայց երբ Բայերը մոտեցել է դասընկերուհու տանը, նա ասել է. «Ցավում եմ, բայց դու շատ ճարպոտ ես ներս խցկվելու համար»: Դրանից հետո նա ցուցադրաբար շրխկացրել է դուռը:
«Նա կոտրեց իմ սիրտը,- խոստովանում է ավստրալացին: – Ես մտա լիմուզին և երկար ժամանակ լալիս էի: Հետո որոշեցի, որ առանց նրա էլ կարող եմ գնալ պարահանդես, բայց ամեն ինչ շատ ահավոր էր: Բոլորն արդեն գիտեին կատարվածի մասին և ծաղրում էին ինձ»: Բայերը մի քանի տարի անցկացրեց ընկճախտի մեջ, վստահ լինելով, որ հավերժ մենակ կմնա:
Երիտասարդը փոխեց իր կենսակերպը միայն այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ նրան 2-րդ տիպի շաքարախտ է սպառնում:
Բայերը փոխում է սննդակարգը և հրաժարվում է արագ սննդից, սկսում է մարզասրահ հաճախել և արդյունքում նիհարում է 60 կիլոգրամով: Նա սկսում է նկատել, որ արժանանում է հակառակ սեռի ուշադրությանը:
Բայերը հաղորդագրություն է ստանում նաև դասընկերուհուց, որը նրան դաժանորեն ծաղրել էր. աղջիկը նրան ժամադրության էր հրավիրում:
Սակայն Բայերը որոշում է չպատասխանել աղջկան: «Ես վաղուց եմ ներել նրան, բայց չեմ կարող մոռանալ նրա արարքը»,- ասել է ավստալացին: