Հայաստան ժամանեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ։
Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ։
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
WCIT 2019-ի ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանն օդանավակայանում սպասող լրագրողներին տեղեկացրեց, որ Քարդաշյան քույրերը եկել են իրենց երեխաների հետ։ Յոթ երեխաներ են նրանց հետ։ Երեխաների քնած լինելու պատճառով նրանք հյուրանոց են մեկնել՝ դուրս գալով օդանավակայանի նախագահական ելքով։ Քարդաշյանը խոստացել է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Քիմ Քարդաշյանն ամուսնու, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։