ՊԵԿ-ից հայտնում են, որ բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով' համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբսահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ավելացված արժեքի հարկը' ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:
Փոխվելու է միայն բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի համար սահմանված դրույքաչափը. ներկայում գործող 10%-ի փոխարեն լինելու է 15%: Իսկ մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:
Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից' ըստ ՀՀ հարկային օրենսգրքի:
Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետի և հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ:
Ի դեպ, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ներմուծվող բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանվի արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում' համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի: Իսկ իրավաբանական անձանց դեպքում մաքսային արժեքը հայտարարագրվում է ապրանքային հայտարարագրում' համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կամ մաքսային արժեքը կսահմանի մաքսային մարմինը:
Կարևոր է իմանալ, որ եթե տրանսպորտային այս միջոցները ներկրեք 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը»,ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով:«Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն' այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու են «ապրանքային» և «ուղևորային մաքսային հայտարարագրերը»: Դրանց հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրեք, օրինակ, դեկտեմբերի 30-ին, ունենաք «տարանցման հայտարարագիր»,բայց«ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: