ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայությանն ուղղված տեսաուղերձով:
Ստորև ներկայացնում ենք այն:
Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի' մենք այլ ճանապարհ չունենք։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք։ Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը: Հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած 5 օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը, պետք է արձանագրել՝ սա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում որ լինի' Երևանից մինչև Լոս Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, այս պատերազմը պետք է համարի իր անձնական պատերազմը։ Պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար։
Մենք 3 ճակատով պետք է շարունակենք աշխատել՝ արտաքին ճակատում օգտագործելով մեր ամբողջ ժողովրդի ներուժը, մեր համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները: Շարունակենք միջազգային բեմերում, հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը։
Երկորդը՝ պետք է ամուր պահենք մեր բանակի թիկունքը։ Յուրաքանչյուր հայ' Երևանի կենտրոնում ապրող բիզնեսմենից մինչև ֆերմեր, ուսանողից մինչև դասախոս, վարորդից մինչև հացթուխ, բժիշկից մինչև լրագրող, պետք է անի անհնարինը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իրավիճակը իրականում լուրջ է։ Տաքուկ սենյակներում նստած, «դուխով» ստատուսներ գրելով' պատերազմում չենք հաղթի, պատերազմը շարունակվում է։ Մենք պարտավոր ենք, համախմբելով մեր ողջ ներուժը, թիկունքը առավել ամուր և կազմակերպված պահել։ Պետական բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն անխափան, լիարժեք արդյունավետ, 24 ժամվա ռեժիմով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր ողջ ներուժով, իր համահայկական կառույցով, քույր կազմակերպություններով ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին։
Եվ երրորդը՝ պետք է Հայաստանի քաղաքական դաշտի հենց առաջին օրերին, առաջին ժամերին հայտարարված միասնականությունը և համերաշխությունը սրբորեն պաշտպանել, չտրվենք պրովոկացիաներին։ Ողջունելի է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, այս մթնոլորտը պետք է շարունակենք պահել՝ չտրվելով որոշ սադրիչների պրովոկացիաներին։
Սիրելի՛ հայրենակից, մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականը՝ շարունակել լինել միասնական, համախմբված և, ամենակարեւորը, ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար։
Ուղերձի տեսանյութը՝ ստորև: