Հանրապետական ծննդատանը սեպտեմբերի 24-ին բժիշկների խոսքով մահացած ծնված նորածնի մայրը` Հայկուհի Խաչատրյանը, հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը:
Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին»,- գրված է էջում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահացության դեպք է գրանցվել: Այնուհետև պարզվեց, որ ըստ ծննդկանի՝ բժիշկն առաջարկել է մեկ միլիոն դրամ երեխայի մահվան մասին չբարձրաձայնելու համար:
Ավելի ուշ տեղեկացրել էինք, որ դեպքից օրեր անց ծնողները, չհավատալով իրենց նորածին փոքրիկի մահվան լուրին, կրկին գնացել էին հիվանդանոց և սպառնացել, որ «դեպքի մեղավոր բժիշկները պետք է ցմահ նստեն»: