Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ էր: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:
«Ամենատարբեր թեմաներ ենք շոշափել՝ ներքաղաքական, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներին վերաբերող հարցեր: Խոսքը ընդհանուր համապարփակ ռեֆորմների մասին է, կա անհրաժեշտություն, որ այդ համակարգում իրականացվեն բարեփոխումներ: Այս կտրվածքով իր դերակատարումը կունենա անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովը»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Հանդիպմանը խոսվել է նաև Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումների մասին: Լիլիթ Մակունցը նշեց, որ որևէ նոր բան չի ասվել, վերահաստատվել է այն, ինչ նախկինում ասվել է:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ «կարծես, թե այո»: