Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արա Վարդանյանը։
Գրառման, մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ ընկերներ
Ժողովրդավարության, խոսքի ազատության եւ իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:
Հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են մերոնքի ու ձերոնքի բաժանմանը: «Մերոնքի» համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնքի» համար՝ ապօրինի հետապնդումներ եւ անազատություն:
Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են:
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում եւ պայքարելու եմ մինչեւ այս աբսուրդին վերջ տրվի։
Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն:
Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա։
ԱԱԾ-ն ինձ անօրինական ձեւով առաջին ամգամ շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեց։ Ձերբակալման համար չկար որեւէ հիմք։
Ի դեպ, այս ընացքում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուղղակի գետնով են տալիս մեր իրավապահ մարմինների պատիվը։ Ես այս ամենին այլ հայացքով եմ նայում ու պատկերացրեք, որ առողջ բան եմ գտնում այս ապօրինությունների մեջ: Մարդիկ ինքնաբացահայտվում են ու շատ շուտով պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:
Հարգելի՛ ընկերներ, ձեզ պինդ պահեք, ամեն ինչ դեռ առջեւում է»։