Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց, որը մեծ հաշվով հիմնվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարկվել էր 2018 թվականին:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մեխանիզմների, դրա նպատակների և սպասվելիք արդյունքների մասին: 

-Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները քննարկման և քվեարկության դրվեցին դեռ անցած տարի, հետո այդ փոփոխությունները դարձան ձեր քաղաքական թիմի նախընտրական խոստումների կարևոր բաղադրիչը: Հիմա վերջապես դրանք իրական դառնալու միտումներ ունեն: Ի՞նչ փուլերով կիրականացվի փոփոխությունների շղթան, ո՞ր հոդվածներին կտրվի բարեփոխման առաջնահերթությունը:

 
 
Реклама 20

-Կուսակցությունների մասին օրենքից, առհասարակ, ընտրական օրենսգրքի փոփոխություններից սկսեցինք, որովհետև այդ փոփոխությունը, այո՛, եղել է մեր  և՛ հեղափոխական, և՛  նախընտրական խոստումների մեջ: Հեղափոխությունից հետո, մինչ պառլամենտական ընտրությունները, փորձ էր արվում փոխել Ընտրական օրենսգիրքը և նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, սակայն, ինչպես հիշում եք, Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ջանքերով չստացվեց փոխել օրենսդրությունը: Դա իրենց իսկ համար եղավ ճակատագրական, որովհետև, եթե լինեին այն փոփոխությունները, որոնք նախատեսվում էին մշակված  Ընտրական նոր օրենսգրքի նախագծով, ապա նրանք ամենայն հավանականությամբ կունենային մանդատներ խորհրդարանում: Բայց դե, ասում են՝ ինչ որ լինում է, դա էլ լավն է:

Մեր քննարկումների արդյունքում հանգեցինք այն որոշմանը, որ փոփոխությունների պետք է գնալ էտապներով՝ ըստ առաջնահերթության: Հասկացանք, որ նախևառաջ պետք է անդրադառնալ ընտրությունների և դրանից բխող քաղաքական ուժերի ֆինանսավորման հարցին: Այսինքն` որոշեցինք առաջին փուլում անդրադառնալ Ընտրական օրենսգրքի քարոզչության ֆինանսավորմանը վերաբերող հատվածին` միաժամանակ դրան սինխրոնացնելով և փոփոխության ենթարկելով Կուսակցությունների մասին օրենքը: Մեկ այլ պատճառ, որ առաջնահերթությունը տվեցինք կուսակցությունների ֆինանսավորման հարցին, այն էր, որ, եթե քննարկումների արդյունքում մենք գայինք եզրակացության, որ պետական բյուջեից կուսակցություններին պետք է տրվի ֆինանսավորում,ապա դա պետք էր անել մինչև գալիք տարին, որպեսզի բյուջեն համապատասխան ձևով մշակվեր և հաստատվեր:

Երկրորդ փուլով անդրադարձ է արվելու Ընտրական օրենսգրքի Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը առնչվող հատվածին, քանի որ մեզ սպասվում են ամենակարևոր ընտրություններից՝ ՏԻՄ-ից երկուսի ընտրությունները՝ Վանաձորի և Գյումրու:

 

Երրորդ փուլով կանդրադառնանք ամբողջ ընտրական օրենսդրությանը և համապետական ընտրություններին, որպեսզի նախքան հաջորդ ընտրությունները արդեն ընտրական ռեֆորմները պատրաստ լինեն համապետական ընտրություններ անցկացնելուն:

-Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելը ներկայացնում եք որպես փոփոխության կարևոր նպատակ: Ի՞նչ մեխանիզմով եք փորձելու հասնել այդ թափանցիկությանը:

-Մեզ համար շատ կարևոր է, որ կուսակցությունների ֆինանսական աղբյուրները լինեն թափանցիկ: Մեր ջանքերը ուղղված են հենց դրան, որ քաղաքացին իմանա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի թիկունքում ինչ ֆինանսական աղբյուրներ են կանգնած, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի: Կուսակցությունը հնարավորություն չպիտի ունենա ընտրողին խաբելու: Մեխանիզմներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ կուսակցություններն իրենց ֆինանսական թափանցիկության վերաբերյալ հայտարարագիր ներկայացնեն՝ նշելով թե որտեղից են ստացել ֆինանսներ, և հստակ նաև սանկցիներ սահմանվեն այն դեպքերի համար, երբ այդ թափանցկությունը չապահովվեն կամ բացահայտվի, որ իրենց ունեցած ֆինանսական իրական աղբյուրների և հայտարարագրված աղբյուրների միջև անհամապատասխանություններ կան:

 

-Իսկ պետական ֆինանսավորման դրույթում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Դրանք կնպաստե՞ն նոր գաղափարներով, նոր ասելիքով կուսակցությունների ներգրավվածության բարձրացմանը քաղաքական դաշտում:

-Պետական ֆինանսավորում կտրամադրվի բոլոր այն կուսակցություններին, որոնք կստանան ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 3 տոկոսից ավելին, այսինքն` պարտադիր չէ, որ դու հաղթահարած լինես ընտրական շեմը և հայտնված լինես խորհրդարանում այդ ֆինանսավորումը ստանալու համար: Ներկայիս օրենսդրությունը մեկ ձայնի կտրվածքով 30 դրամ է սահմանում, մենք քննարկում ենք այդ 30 դրամը բարձրացնելու հարցը: Պետությունը ֆինանսավորում է կուսակցությանը անկախ նրանից, թե կուսակցությունն ինչ վարք է դրսևորում: Չի դրվում պայման, որ միայն այս կամ այն դեմքում կուսակցությունը կստանա ֆինանսավորում, ընդհակառակը` մենք փորձում ենք այնպես անել, որ կուսակցությունը լայն հնարավորություններ ունենա ինքնակազմակերպման, ինքնորոշման:

 

Այս ամենին զուգահեռ նաև քննարկվում է տարբեր խրախուսական մեխանիզմներ սահմանելու հարցը: Օրինակ՝ խրախուսել կանանց և երիտասարդների՝ ղեկավար կազմում   ներգրավվածությունը: Քննարկում ենք նաև մարզերում խորհրդարանական ներկայացուցչություն ունենալու հարցը: Այսինքն` քաղաքացին ունենա յուրաքանչյուր պահին խնդրի մասին խոսելու, գուցե նամակներ փոխանցելու հնարավորություն: Սա կլինի խորհրդարան-քաղաքացի կապն ապահովելու արդյունավետ եղանակ:  Բայց այս ամենը դեռ քննարկման փուլում է, և չկան վերջնական որոշումներ: Մոտ ապագայում պատրաստ կլինի և կհրապարակվի կոնցեպտը, ինչի առանձին դրույթների, հոդվածների վրա կլինեն հստակ փոփոխությունները:

-Պարբերաբար տեղի են ունենում հանդիպում-քննարկումներ բարեփոխումների վերբերյալ: Ինչպիսի՞ ներգրավվածություն ունեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը այդ քննարկումներին:

 

-Մի շարք  հանդիպումներ ենք ունեցել, որոնց մասնակցել են թե՛ խորհրդարանական խմբակցությունների, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներ, եղել են նաև պետական շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչներ: Օրինակ՝ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը շատ կարևոր եմ համարում, քանի որ, ըստ էության, նրանք են այս ընտրական օրենսդրությունը կյանքի կոչողը և ընտրական օրենսդրությամբ սահմանված դրույթների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնողը: Նրանք շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում այն խնդիրները, որոնք օրենսդրությունը կարող է ունենալ, և թե որ դրույթները գործնականում ինչ խնդիրներ կարող են առաջացնել: Քննարկումները բավականին ներառական ընթացք ունեն, խմբակցությունների միջև ես դեռևս ոչ մի հակասություն չեմ նկատել: Մթնոլորտը կոնսենսուսային է:

-Այսինքն, ըստ նախնական տպավորությունների` խմբակցությունները վերջին պահին դեմ չեն լինի՞ հայեցակարգն ընդունելուն:

 

Խմբակցությունների միջև տարակարծություններ չկան դեռևս, ես բացառում եմ նաև, որ ապագայում կլինեն: Մենք կարևորում ենք լսել այլ քաղաքական ուժերի կարծիքը, կարծում ենք, որ նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսային, քաղաքական երկխոսությունների տարբերակով, բայց և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մենք մեծամասնություն ենք ու առանց որևէ ուժի օգնության էլ կարող ենք անցկացնել հայեցակարգը: Բայց նորից եմ ասում` մեզ համար շատ կարևոր են և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի կարծիքները, որովհետև մենք` ի տարբերություն նախկին իշխանության, չենք կարում օրենքներ հատուկ մեր հագով: Մենք ընդունում ենք օրենքներ, որոնք անկախ մեր իշխանության լինել-չլինելուց երկարաժամկետ ծառայի  մեր պետությանն ու ժողովրդին: Մենք չենք ուզի, որ մեզնից հետո մեզ մեղադրեն մեր հագով օրենքներ կարելու, օրենքները մեր շահերին հարմարեցնելու մեջ:

-Դուք, նախ որպես բարեփոխումների գործընթացն իրականացնող իշխող կուսակցության ներկայացուցիչ, ապա նաև որպես քաղաքացի` ի՞նչ արդյունք եք ակնկալում իրականացվելիք փոփոխություններից:

 

-Ընտրական ռեֆորմի կարևորագույն արդյունքը լինելու է ընտրությունների ազատությանը, թափանցիկությանը նպաստելը: Երկրորդ՝ քաղաքական ուժերի կայացվածությանը նպաստելը, քաղաքական դաշտի առողջացումը, այս պահին թերներկայացված ուժերին հնարավորություն տալ լիարժեք ներկայանալու և իրենց քաղաքական մեսիջները հասցնելու հանրապետությանը: Իսկ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելը ազնիվ կդարձնի կուսակցություն-պոտենցիալ ընտրող հարաբերությունները: