ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցող «Բավական է» սոցիալական արշավին, որն ուղղված է ընդդեմ սելեկտիվ աբորտների:

Նախարարն ուղիղ եթերում կոչ արեց տարբերություն չդնել աղջիկների և տղաների միջև:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է:

Օրվա նպատակն է ուշադրություն դարձնել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, եւ նպաստել նրանց իրավունքների ընդլայնմանն ու պաշտպանությանը:

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երեւույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչեւ 2060-ը Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչեւ 2060-ը կարող է հասնել մոտ 2000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա եւ կարող է արտագաղթի հավելյալ խթան դառնալ: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչեւ 2060-ը կարող է կրճատվել հավելյալ մոտ 80.000 քաղաքացիով: