«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության կարեւորագույն գործոնը անհատական ջանքն է, քանի որ աղքատության հաղթահարման միջոցը տեսնում են քաղաքացիներին քաջալերելով, որ նրանք զրոյից ՀՀ-ում ստեղծեն բիզնես եւ ոտքի կանգնեն:
Նա նշեց՝ բարեգործության այն մոդելը, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, որը շատ դեպքերում մարդուն խանգարել է. «Մարդուն կարելի է 1 օր հաց տալ, 4 օր, 1 ամիս, 1 տարի, բայց ի՞նչ է տեղի ունենում այդ մարդու հետ, որը մտածում է, որ ամբողջ կյանքում ուրիշ մարդիկ իրեն պետք է պահեն։ Արդյոք այդ մարդն իրեն զգո՞ւմ է արժանապատիվ եւ ուժեղ քաղաքացի՝ իհարկե ոչ։ Մենք այդպիսով կոտրում ենք մարդու ողնաշարը: Մեր տնտեսական քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդու կարողանանք այս ուղերձը հստակ հղել, որը Աստված է հղել Աբրահամին դրախտից դուրս հրավիրելուց հետո՝ ասելով, որ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես»,- ասաց նա՝ նշելով, որ հեղափոխության իմաստն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի:
Նրա խոսքով՝ քաղաքացիներն այսօր օրինական ճանապարհով կարող են ամեն ինչ ներկրել: Նա նշեց՝ երկար տարիներ աշխատելով որպես լրագրող, ԱԺ պատգամավոր հանդիպել է դեպքերի, երբ մարդը ուզել է օրինակ սոխ ներկրել, բայց թույլ չեն տվել։ Վարչապետն ընդգծեց՝ այսօր Հայաստանում այդպիսի խնդիր չկա, օրենքի շրջանակներում ամեն բան կարելի է ներկրել: