ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը): Ռազմավարության գործողությունների ծրագիրը ենթադրում է 2020 թվականին ձևավորել փաստահավաք հանձնաժողով, որը կզբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
Հանձնաժողովը, ըստ ռազմավարության, լինելու է անկախ և ինքնավար մարմին, կազմավորվելու է օրենքով, ունենալու է առավելագույնը 20 անդամ, գործելու է երկու տարի ժամկետով՝ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ: Ըստ փաստաթղթի, հանձնաժողովում ներգրավված են լինելու հեղինակություն վայելող անձինք: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են լինելու փաստահավաք գործունեության արդյունքում հավաքված տեղեկություններ: Ռազմավարությամբ նախատեսվում են նաև սահմանադրական և ընտրական գործընթացների փոփոխություններ: Այդ նպատակով 2020 թվականի առաջին եռամսյակում կառավարությունը կստեղծի մասնագիտական հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Անզեն աչքով էլ երևում է, որ նախագիծը կազմված է «պիտի»–ից և նպատակներից: Չկա հստակ մեխանիզմ , թե ինչպես է վերոնշյալը կյանքի կոչվելու: Հատկապես փաստահավաք խմբի աշխատանքները: Այդ աշխատանքները կարող են տևել տարիներ և արդյունքում ոչինչ էլ չտալ, հետևաբար նման առաջարկը ոչ այլ ինչ է, քան ժամավաճառություն: Ուշագրավ է նաև, որ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չի ընդգրկել 2019 թվականը, քանի որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ իրենք են իշխանության եղել, դրա համար էլ վստահ են, որ մարդու իրավունքների խախտումներ չեն եղել: Տարակուսելի է նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվելու հանձնաժողովի անդամները, հեղինակություն հասկացությունը բավական սուբյեկտիվ է, հատկապես հիմա, երբ իրավիճակ է փոխվել: Ովքե՞ր են գործող իշխանության տեսանկյունից համարվում հեղինակություններ: Ուշադրության արժանի է նաև այն հարցը, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում հենց հաջորդ տարվանից անցնել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը: Գուցե մինչ այս պահը իշխանություններին հաջողվում էր դատարաններին իրենց կամքը պարտադրել, սակայն ՍԴ-ն պինդ ընկույզ դարձավ ի դեմս Հրայր Թովմասյանի, հետևաբար կարիք կա ավելի լուրջ միջոցների դիմել: