ԼՈՒՐԵՐ. com-ի թղթակիցը կապ հաստատեց Սիրիական Թել Աբյադ շրջանում ապրող հայ ընտանիքի բարեկամ Գևորգ Մութաֆյանի հետ պարզելու՝ արդյոք հայ ընտանիքներին հայկական կողմից օգնություն տրամադրվել է, թե` ոչ: Նա պատմում է, որ քրոջ ընտանիքը թուրքերի հարձակման  թիրախ Թել Աբյադ շրջանում է ապրում, հարձակումից հետո նրանք և այլ բազմաթիվ ընտանիքներ մի կերպ կարողացել են փախչել տներից և հաստատվել ավելի անվտանգ վայրում. «Իրենք իրենց տնից դուրս են եկել, որովհետև հիմնական հարձակումները այդ շրջանում են եղել, և շարունակվում են: Վտանգից խուսափելու համար փախել են 30 կմ հեռու գտնվող համեմատած ավելի անվտանգ գյուղ, բայց միևնույն է, իրավիճակն անկայուն է, ամեն պահի կարող է լինել անդառնալին»:

Գևորգ Մութաֆյանի խոսքով՝ հայ ընտանիքներն ուզում են տեղափոխվել Հալեպ, ուր առավել անվտանգ կլինի, մինչ հստակ կորոշեն իրենց անելիքը: Հարցին, թե ի՞նչ արձագանք է տվել հայկական կողմը, և թե ինչպե՞ս են փորձում կարգավորել հայերի անվտանգության խնդիրը, Մութաֆյանը պատասխանեց. «Առաջինը նրանց հետ կապ է հաստատել Առաջնորդարանը, տեղափոխման հարցերում կարծեմ օգնել են: Երեկ ես Զարեհ Սինանյանի հետ եմ խոսել, նրան փոխանցել քրոջս և նրա ընտանիքի տվյալները, որպեսզի կապ հաստատեն: Նրանք խոսել են, հուսով եմ կօգնեն, որովհետև հայերն, իրոք, ունեն օգնության կարիք այս պահին»,- նշեց նա:

Նա նշեց՝ ընտանիքների Հայաստան տեղափոխման մասին խոսակցություն դեռ չկա. «Հիմա կարևորը կրակներից դուրս գան, հասնեն Հալեպ, վիճակը խառն է, միանգամից Հայաստան գալ դժվար կարողանան»,- ասաց Մութաֆյանը:

 

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական գործողություններ են սկսել հոկտեմբերի 9-ին: Կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, մասնավորապես Թել Աբյադ քաղաքը, որտեղ16 հայ ընտանիք է ապրում: Նրանց տարհանման և անվտանգության ապահովման հարցերով զբաղվում է Հայաստանի Հանրապետությունը: