Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել: Խնդիրը ոչ միայն կերի հայթայթման հետ է կապված, այլ նաև ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության:
Գյումրիի թաղամասերից մեկում պատսպարված փոքրիկ տարածքում չկան ջուր ու հարմարություններ, ջուրը բերում են դույլերով, ու չնայած գազանանոցի հսկիչի ջանքերին, գարշահոտությունն անտանելի է, անասելի տհաճ է նաև կենդանիների վիճակը: Կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանի խոսքով՝ տարիներ առաջ, երբ գազանները բերվեցին ՌԴ-ից և ստեղծվեց գազանանոցը, ավելի հեշտ էր կենդանիներին պահելը, այսօր ամեն ինչ փոխվել է:
Սահմանված նվազագույն մուտքի գումարով նույնիսկ հնարավոր չէ հատկապես առյուծների կերի հարցը լուծել, իսկ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ունեցող գազանանոցն իրավունք չունի, որպես շրջիկ օգտագործվել, ընկերությունն էլ, որը տնօրինում է այս կենդանիներին, սնանկացել է: Խնդիրն այնքան լուրջ է, որ ստիպված ձմեռային սեզոնի համար ուղտին, լամային, կապիկներին, լուսաններին ու ջայլամին ժամանակավորապես պահ են տվել Հոկտեմբերյանի գազանանոցում: Գյումրիում այս պահին շատ լուրջ է առյուծների՝ 7 տարեկան մայր առյուծի՝ Մերիի ու ձագերի՝ Զիտայի ու Գիտայի, և 2 ար ջերի՝ Մաշայի ու Միշայի հարցը: «Պատրաստ ենք այս, ինչպես նաև Հոկտեմբերյանում պահ տված կենդանիներին նվիրել Երևանի կենդանաբանական այգուն կամ ցանկացած այլ մեկին, ով կխնամի ու հոգ կտանի, իսկ ամենաշատը կնախընտրենք, եթե Գյումրու քաղաքապետարանը ձեռք բերի այս կենդանիներին, համապատասխան տարածք հատկացնի ու լուծի նրանց սննդի հարցը: Ուզում ենք, որ կենդանիները քաղաքում մնան, լինեն լավ վիճակում ու ուրախացնեն գյումրեցի փոքրիկներին»,- նշեց Ստեփան Վարդանյանը: