Երևանի կենդանաբանական այգու դիմաց այս պահին մի շարք կենդանասերներ, այգու նախկին և ներկա աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականաը։
«Մենք պահանջում ենք, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանա, քանի որ նա ոլորտում շատ սխալներ է թույլ տալիս՝ չլինելով մասնագետ։ Երբ ասում ենք պարոն Խաչատրյանին, որ այս կամ այն կենդանու համար չունենք համապատասխան տարածք և չենք կարող այլ կենդանու բերել և տեղավորել մեր մյուս կենդանու փոքր խցում, նա չի համաձայնվում, այդպիսով վտանգելով տվյալ կենդանիների կյանքը»,- ասաց կենդանաբանական այգու աշխատակիցը։
Հավաքվածները պնդում են, որ տնօրենն առնվազն կենդանասեր կամ կենդանաբան պետք է լինի այդ պաշտոնն զբաղեցնելու և կենդանիներին ճիշտ խնամելու համար։
Ըստ աշխատակիցների՝ մի շարք կենդանիներ անհասկանալի հանգամանքներում սատկում են, չնայած նրան, որ մեկ- երկու օր առաջ հայտարարվում էր, թե դրանք առողջ են․ «ինչքան քիչ կենդանի, այնքան քիչ գլխացավանք»,- ասում են հավաքվածները։
Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահակյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուրն ունի իր բողոքն ազատ արտահայտելու իրավունք։
«Իրենց հնչեցրած մեղադրանքների մասով կարող եմ ասել, որ այդ բոլորը պետք է քննության առարկա դառնան իրավական հարթության մեջ, եթե ունեն կոնկրետ փաստեր, ապա պետք է դիմեն իրավապահ մարմիներին»,- ընդգծեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը։
Ռուբեն Աբրահամյանը նաև նշեց, որ եթե այգու դիմաց բողոքով հանդես եկող աշխատակիցները ինչ-որ մեկին հստակ ասելիք ունեն, ապա շատ հանգիստ կարող են մոտենալ և քննարկել։
Իսկ ինչ վերաբերում է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, Աբրահամյանն ասաց, որ նա այս պահին Կենդանաբանական այգում չէ, քանի որ աշխատանքային օր չէ։
Արմինե Միքայելյան