Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Այս մասին հունվարի 26-ին այգում հրավիրված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին տեղակալ Մանուկ Մանուկյանը:
«Ռուբեն Խաչատրյանը, չլինելով մասնագետ, անգամ չի փորձում մասնագետի կարծիք հաշվի առնել: Նա չի կարող կառավարել: Ռուբեն Խաչատրյանի հետ ջերմ հարաբերություններ ենք ունեցել նախկինում ու մեր խնդիրները ծագել են այսպիսի մասնագիտական հարցերից»,- ասաց Մանուկյանը:
Այգու տնօրենի նախկին տեղակալը նշեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով:
Ակցիայի մասնակիցները տնօրենի հրաժարականը պահանջում են վերջին շրջանում այգում կենդանիների մեծ թվով անկումների ու տարբեր մասնագիտական խնդիրների պատճառով:
Այգու տարածքում բողոքի ցույց իրականացնողներին Երևանի կենդանաբանական այգու Կենդանիների բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը հավաստիացրեց, որ այգում իրենց նշած դեպքերից հետո այլ իրադարձություններ տեղի չեն ունեցել:
«Նոր իրադարձություններ տեղի չեն ունեցել: Հիմա կենդանաբանական այգին ապրում է իր բնականոն կյանքով, մենք շարժվում ենք առաջ, ունենք իրականացնելու բազմաթիվ ծրագրեր ու այդ ճանապարհի վրա ենք»,- նշեց Մակարյանը:
Կենդանիների բաժնի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցների կողմից շահարկվող անկման նախկին դեպքերը այգու ներկայիս աշխատակազմին վարկաբեկելու նպատակ ունեն:
Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդումէր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Նոյեմբերի 19-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր նշանակվելուց ի վեր քաղաքապետի փոփոխությամբ պայմանավորված՝ բարձրացել է նման ալիք՝ փոխել տնօրենին: Նրա խոսքով` ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում ենկենդանիների առևտրով: