Այսօր բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը հրապարակել է աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 114-րդ տեղը: Նշենք , որ հետազոտությունը վերաբերում է 2012 թվականին և անցած նախագահական ընտրություններին անդրադարձ չկա: Ըստ բրիտանական հանդեսի ուսումնասիրությունների, 2008 թվականից ի վեր ժողովրդավարության մակարդակը Հայաստանում չի անցել 4.09 բալի սահմանը՝ տասը բալանոց գնահատման սանդղակով, և դասակարգվում է հիբրիդային պետությունների՝ Նեպալի, Իրաքի, Հայիթիի հետ նույն խմբում:

Հայաստանում ամենացածր ցուցանիշը ըստ հանդեսի վերաբերում է քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակին և այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է աֆրիկյան մի շարք պետությունների հետ նույն մակարդակում՝ Մալի,Նիգերիա, Կոնգո: Սակայն հետաքրքրական է նշել, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից: Հայաստանյան ընտրական գործընթացները բրիտանացի հետազոտողների կողմից գնահատվել են 4.33 միավորով՝ տասը հնարավորից:

Միակ ոլորտը, որտեղ փոքր ինչ բարվոք վիճակ է համեմատած մյուսներին, քաղաքացիական ազատություններն են, որոնց մակարդակը գնահատվել է 5 միավորից բարձր և կրկին պետք է նշենք , որ այս ցուցանիշով ևս Հայաստանն առաջ է Ռուսաստանից: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա նշենք , որ Վրաստանը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը, իսկ ընտրական գործընթացներն այստեղ գնահատվել են 8.52 միավոր, ինչը համեմատական է ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ցուցանիշերի հետ: Սակայն Վրաստանը նույնպես Հայաստանի հետ մեկտեղ գտնվում է հիբրիդային պետությունների շարքում: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դասվում է ավտորիտար պետությունների շարքում՝ Ադրբեջանի հետ միասին:

Աղասի Մարգարյան