Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:
Ֆլեշմոբը՝ ֆլեշմոբ, բայց ակնհայտ բյուջեի մսխումը հեղափոխական Հայաստանին հարիր չէր: Գումարն այլ տեղ ծախսելու շատ այլ տարբերակներ կան, որոնք էլ հիշատակում են քաղաքացիները՝ իրենց բողոքն արտահայտելով վարչապետի որոշման դեմ:
Ֆլեշմոբի և ծախսած գումարի չափի հետ համաձայն չէ նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը
Պատգամավորը պնդում է, որ վարչապետի ստեղծագործական միտքն ու անընդհատ գրվող բանաստեղծությունները սովորական են դարձել: Այդ երկտողն էլ քննադատության պատճառ չէր դառնա, եթե սահմանափակվեր ֆեյսբուքյան գրառում լինելով:
«Երկու խնդիր կա՝ առաջինը պաստառների նպատակն է, երկրորդը՝ միջոցը, թե ինչպես են այդ պաստառները հայտնվել: Նպատակի առումով պետք է նշեմ հետևյալը՝ ճիշտ է՝ մեզ համար արդեն սովորական է դարձել, որ վարչապետը ժամանակ առ ժամանակ ստեղծագործում է, բանաստեղծություններ է գրում իր ֆեյսբուքյան պատին, բայց արդեն տարօրինակ է, երբ դրանք դարձան արտաքին գովազդի պաստառներ, և հետո մենք իմացանք, որ դրա վրա այդքան մեծ գումար է ծախսվել»:
Այն մտքին, որ դա գուցե արվում է մարդկանց մեջ հայրենասիրություն սերմանելու, քաղաքացիական գիտակցություն բարձրացնելու նպատակով, պատգամավորն ասաց. «Դա որպես գովազդ, որպես քարոզչության միջոց ես ինքս համարում եմ հնաոճ և ոչ արդյունավետ: Նմանատիպ պաստառները հարկի էին սովետական ժամանակներում, մարդիկ նայում էին գունավոր պաստառներին, ներշնչվում էին այդ պաստառներով: Տեղեկատվական միջոցները շատ են, հիմա պետք է ավելի կրեատիվ մոտեցումներ ցույց տալ, եթե մենք ուզում ենք նման լոզունգներով ոգեշնչել մարդկանց: Բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում ՝ մենք կարող ենք մոտիվացնել մարդկանց, թե ոչ: Այդ կարգախոսը խիստ արհեստական է, այն որ մեր երկիրը մեր օջախն է, ժողովուրդն ՝ ընտանիք կասի յուրաքանչյուր հայ, դա մեր ազգի համար նորություն չէ»:
Բացի ոչ նպատակային լինելուց, Սամսոնյանը մեկ այլ խնդիր էլ է բարձրաձայնում. «Երկրորդ խնդիրն այն է, որ գովազդի պատրաստումը հանձնարարվել է «Անտարես» հրատարակչությանը, որը տպագրել է վարչապետի գիրքը և դա իրականացվել է առանց որևէ մրցույթի: Հարցեր են առաջանում, թե ինչու, ինչով էր լավը այդ հրատարակչությունը, այն դեպքում, երբ վարչապետն ինքն էր ասում, որ այսուհետ բիզնեսի մրցունակությունը չի որոշվելու խտրականությամբ: Հիմա ստացվում է, որ այդ գործը հենց այնպես հանձնարարվել է մի մարդու, ով վարչապետի համախոհն ու գործընկերն է, կառավարության աջակիցն է»:
Պատգամավորն ասաց, որ հնարավոր է ինքն այս հարցը բարձրաձայնի բյուջեի քննարկման ժամանակ. «Ես այս մասին ֆեյսբուքում գրեցի իրենց ցույց տալու համար, որ շատերը համաձայն չեն այդ անիմաստ ծախսերի հետ»:
Սամսոնյանը անիմաստ է համարում այն ծախսերը, որոնք աննպատակ են. «Վարչապետի քայլի նպատակն անիմաստ է, հետևաբար ծախսն է անիմաստ: Հայաստանով մեկ պատերին այդ տողերը գրելով՝ մենք քաղաքացու վարքագծում փոփոխություններ չենք առաջացնելու: Մենք անում ենք մի բան, անելու համար, բայց չպիտի անենք այդ բանը, ես ուզում եմ, որ սա հասկանանք»: