Առավոտից քննարկման և մտահոգության առիթ է դարձել Ողջի գետը․ Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ․com—ը զրուցեց Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց՝ խնդիրն ամբողջությամբ վերացվել է․ «Պոչատարի խողովակն էր վնասվել, մոտ 40 րոպե կոմբինատից պոչատար հոսող ջրերը լցվել են Ողջի գետը։ Գիշերը 05։00-ին ահազանգ են ստացել, սակայն 5։40 խնդիրն արդեն վերացվել էր։ Այդ մասին անմիջապես տեղեկացրել ենք Բնապահպանական տեսչկական մարմնին։ Այժմ ջրամբարից ջուր ենք բաց թողել, որպեսզի մաքրվի գետի ավազանը և իմ տեղեկություններով արդեն մաքրվել է»,- ասաց նա։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցելիս նշեց, որ խնդիրը գաղտնի է պահվել տնօրինության կողմից։ Հետաքրքրվեցինք՝ նման միտում ունեցե՞լ են, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց․ «Պարոն Ցոլակյանի ասածը գնահատում եմ մեղմ ասած անհեթեթություն։ Ինչպե՞ս կարելի է գաղտնի պահել կամ ո՞րն է դրա իմաստը։ Դեպքը եղել է գիշերը, դրա մասին չի խոսվել և գուցե դրա համար պարոն Ցոլակյանը թյուրըմբռնումով է ընկալել։ Ես շեշտեցի, որ անմիջապես տեղեկացրել ենք համապատասխան մարմնին։ Ինքն ասում է՝ ով որ արել է՝ տերերը, նրանք էլ թաքցրել են։ Ըստ պարոն Ցոլակյանի ասածի՝ ստացվում է՝ տերերն են արել, տերերն էլ թաքցրել են»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ առաջանալու դեպքում որոշները փորձում են ներկայացնել, թե «իրենք են փրկիչը», այնինչ սա շարքային խնդիր է․ «Իհարկե ամեն օր այսպիսի բաներ չեն լինում, բայց պոչատարը 32 կմ ավել է, կարող են առաջանալ տարբեր խնդիրներ։ Խողովակն իջնելիս ավելի շուտ է մաշվում, քան բարձրանալիս։ Այս դեպքում խնդիրն առաջացել է բարձրացող հատվածում, որտեղ սովորաբար ուշ է մաշվում»։

Թե ինչի՞ց էր վնասվել խողովակը, Հակոբյանն ասաց՝ փորձաքննությունը կպարզի․ թեև իրենց համար կասկածելի որոշ հանգամանքներ կան, բայց ավելի ուշ հստակ կներկայացնեն։

Սոնա Հարությունյան