Հետընտրական կրքերը չեն հանդարտվում նաև Վարդենիսում, այստեղ ՔՊ-ն ջանք ու եռանդ չի խնայում՝ Գյումրիի, Թալինի օրինակով խլել իշխանությունն ընդդիմությունից: Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը մերժել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացրած բողոքը' Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված։

«Միասնական Վարդենիսը» վիճարկել էր 21 Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՔՊ-ին' 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքին' 10 և «Միասնական Վարդենիսին»' 4։ Ըստ նրա, մինչև այդ՝ դեկտեմբերի 5-ին, արդյունքներն այլ կերպ էին բաշխված՝ «Միասնական Վարդենիսն» ուներ' 5, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը' 10, իսկ ՔՊ-ն 12 մանդատ։ Դրանից հետո ՔՊ-ն միջնորդում է վերահաշվարկ իրականացնել։ 6 տեղամասում իրականացվում է վերահաշվարկ, որի արդյունքում 1 ձայն ավելացվում է։ Դրանից հետո էլ կալանավորվում է «Միասնական Վարդենիս» դաշինքի համար մեկ թեկնածուին, որպեսզի չկարողանա մասնակցի ավագանու առաջին նիստին, ձայները լինեն 13/13, չընտրվի համայնքի ղեկավար: Կստացվի այս սցենարը, թե չէ՝ ցույց կտա ժամանակը:

Իշխանությունը Վարդենիսում տեսնելով, որ չի ստացվում ճնշել ընդդիմությանը եւ համոզիչ ձեւով քրգործեր կարել' անցել է «պլան Բ»-ի իրագործմանը: Այն է՝ փոխել քաղաքապետի ՔՊ թեկնածուին՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանին, մեկ այլ՝ միավորված ընդդիմադիր գյուղապետերի համար ավելի ցանկալի կերպարով: Ըստ էության, սա Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ծրագիրն է, իսկ նոր «քաղաքապետացուն» նրա մտերիմ Վարդենիսի փոխքաղաքապետ, ՔՊ ցուցակի երկրորդ համար Արտակ Մանուկյանն է: Հիշեցնենք, որ քաղաքապետ Արամ Մելքոնյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մտերիմն է: Քանի որ դեռևս համայնքապետի թեկնածուին փոխելու մասին որոշում չի կայացվել, պետք է ենթադրել, որ Սանոսյանը այս միկրոմենամարտում հաղթող է դուրս եկել:

Իսկ մինչ ավագանու նիստը, ՔՊ-ի հույսը մնում են քաղաքական ռեպրեսիաները: ՔՊ-ի համար անչափ կարևոր է սահմանամերձ դարձած Վարդենիսում ունենալ յուրային համայնքապետ և այդ նպատակին հասնելու համար իշխանության ներկայացուցիրները չեն խորշի անգամ ժողովրդի կամարտահայտության վրա աչք փակելուց, տարատեսակ ճնշումներից և խախտումներից: