Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով իրենց հիմնարկի վերաբերյալ հրապարակվող որոշ տեղեկությունների:
«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում՝ մեռելածնության դեպքի կապակցությամբ՝ մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք տեղեկատվություն, որտեղ փորձեցինք հանրությանը ներկայացնել դեպքի իրական հանգամանքները, սակայն որոշակի ուժերի ուղղորդմամբ շարունակվում են հրապարակվել հերյուրանք և զրպարտություն բովանդակող տեղեկություններ։ Հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ նշված ուժերի նպատակը ոչ թե դեպքի հանգամանքները պարզելն է, այլ կոնկրետ տնօրենին վարկաբեկելը՝ առանց պարզելու, թե նա այդ դեպքի հետ որևէ առնչություն ունեցել է, թե ոչ, ինստիտուտի ահռելի աշխատանքները նսեմացնելը ծննդօգնության ոլորտում, որով բարելավվում է ժողովրդագրական ցուցանիշները հանրապետությունում:
Ուզում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և իրականացվում է քննություն։ Մեր կողմից արվում է առավելագույնը աջակցելու քննչական մարմնին՝ գործի բազմակողմանի և լրիվ քննություն կատարելու համար։ Ինստիտուտը շահագրգռված է, որ քննչական մարմինները նշանակեն բոլոր հնարավոր փորձաքննությունները, որպեսզի փարատվեն մամուլում պտտվող հերյուրանքները։ Կարծում ենք, որ շուտով գործի քննությունը ցույց կտա, որ հրապարակվող նյութերը սուտ են և միայն մարդկանց հանիրավի վարկաբեկելու նպատակ են հետապնդում։
Մենք կարող ենք պատասխանել բոլոր զրպարտանքներին, սակայն հաշվի առնելով, որ գործով կատարվում է նախաքննություն, ստիպված ենք սպասելու փորձաքննության արդյունքներին և գործի քննության ավարտին»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: