Այսօր Երեւանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: «Սրտումս՝ Երևան»․ մայրաքաղաքի այս տարվա կարգախոսն է։
Այս տարի «Էրեբունի-Երևան 2801» միջոցառումները հավասարապես կտոնեն քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Միջոցառումների մեկնարկը ժամը 13:00-ին է: Վարչական ամեն մի շրջան իր բնակիչներին կներկայանա համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:
«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
«Էրեբունի — Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ը վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:
Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավիթաշենում: Էրեբունին քաղաքացիներին կդիմավորի ժողովրդական երգ ու պարով, իսկ Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում կհնչի էստրադային երաժշտություն, իսկ Նոր-Նորքում՝ Էլեկտրոնային: Նորք-Մարաշում կլինի ազգագրական տրամադրություն: Ռոքի հայ աստղերը կլինեն Նուբարաշենում, հեղինակ-կատարողները՝ Շենգավիթում: Իսկ Քանաքեռ-Զեյթունում կհնչի ռետրո երաժշտություն:
Երեկոյան ժամը 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:
Նշենք, որ այս տարի տոնական միջոցառումներին քաղաքային բյուջեից տրամադրվել է 150 մլն ՀՀ դրամ:
Տեղեկացնենք, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով' քաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում' մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը' ներկայիս Երեւանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարեւորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին' Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի' Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Հայաստանի մայրաքաղաքի անունը գալիս է դեռեւս ուրարտական շրջանից' Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձեւափոխվել է եւ դարձել Երեւան: