Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տոնում է 78-ամյակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիվ պարբերականներից մեկը՝ «Մարմարա»-ն հիմնվել է 1940 թվականին՝ լրագրող Սուրեն Շամլյանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբվեցին ճանաչված մտավորականներ: 1967 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնում է Ռոպեր Հատտեճյանը:
Այս տարիների ընթացքում «Մարմարա»-ն ոչ միայն խոշորացույցի տակ է պահել Ստամբուլի հայ համայնքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները՝ իր էջերում լայնորեն լուսաբանելով դրանք, այլև դարձել է այն դարբնոցը, որտեղ ձևավորվեց ստամբուլահայ նոր գրականությունը: Թերթում մինչ օրս լույս են տեսնում հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ:
«Մարմարա» թերթը, լինելով հարազատ համայնքի մտահոգությունների անմիջական արտահայտողը, անմասն չի մնացել փորձություններից: Նա դիմակայել է թե՛ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիայում պետականորեն խրախուսվող ազգայնամոլության պոռթկումների, թե՛ 1955 թ. սեպտեմբերի 6-ին Ստամբուլում իշխանության հրահանգով թուրք խուժանի կազմակերպած խժդժությունների եւ թե՛ հաջորդ տարիների պետական հեղաշրջումների շրջաններում:
Համատարած բռնության պայմաններում հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ իրենց գործունեությունը դադարեցրին նաեւ թուրքական մի շարք թերթերի խմբագրությունները: Հակառակ այդ ամենին, սակայն, «Մարմարա» օրաթերթը, շնորհիվ հավասարակշիռ դիրքորոշման, կարողացավ շարունակել իր «հանդիպումներն» ընթերցողների հետ: Ներկայում թերթն ունի համացանցային էջ, իսկ
2001 թ.-ից հրատարակում է նաև թուրքերեն մեկշաբաթյա հավելվածը' «Նոր Մարմարա»-ն, որում ընդգրկվում են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Հավելվածը հասցեագրված է թրքախոս հայերին, ովքեր չեն կարողանում կարդալ հայերեն, սակայն ցանկանում են հաղորդակից դառնալ հայ կյանքին:
«Արմենպրես»-ը ջերմորեն շնորհավորում է «Մարմարա»-ի խմբագրակազմին՝ մաղթելով երկար տարիների բեղուն աշխատանք և ստեղծագործական նոր հաջողություններ: