«2005 թվականից աշխատում եմ պետական թատրոնում, որպես դերասան։ Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 000 դրամ ու երբեք չի ավելացել։ Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրն իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում դերասանը թեև նշեց, որ գրառումը հումորային բնույթ էր կրում, սակայն իրեն վրդովեցրել է վերջերս շրջանառվող խոսակցությունները, որ պաշտոնյաների աշխատավարձերը 1,5 մլն դրամով բարձրացել են․ «Որպես ՀՀ քաղաքացի ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս տարիների ընթացքում դերասանների աշխատավարձը գոնե 5000 դրամով չբարձրացավ, ի՞նչ է մենք պետական կառույցներում չենք աշխատում։ Պաշտոնյաների աշխատավարձերը 1,5 մլն է, էդ ի՞նչ են անում, որ էդքան փող են ստանում։ Ինչո՞ւ են մենակ նախարարների, մարզպետների աշխատավարձերը բարձրացնում։ Չէ՞ որ թատրոնն էլ է պետական»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարկադիրին՝ դերասանը նշեց, որ գրառումը վերաբերում է ամսվա ընթացքում արված խախտումներին, որոնց վրա հարկադիրը գումար է ավելացնում և իրեն հետաքրքիր է՝ 63 000 դրամով դերասանը ինչպե՞ս վճարումներ կատարի և միևնույն ժամանակ փորձի ապրել․ «Ես կխնդրեի վերանայել խախտումների համար նախատեսված գները։ Խախտումներ չանելն անհնար է, որովհետև երբեմն ուզում ես մի տեղ կայանել ասում են՝ մի կանգնիր շեֆի ավտոյի տեղն է, ստիպաված կայանում ես այնպիսի տեղում, որտեղ գուցե չի թույլատրվում և դրա համար տուգանվում ես։ Շատ հաճախ տուգանքները բերելիս ես տանը չեմ լինում և քանի որ ինձ չեն կարողանում տալ, գնում է հարկադիր, վերջինս էլ տուգանքի վրա ավելացնում է 2 500 դրամ։ Ինձ հետաքրքիր է՝ սովորական պետական աշխատողների աշխատավարձը 60-70 հազար դրամ է, ո՞նց կարող է խախտումը լինել 5000 դրամ, հարկադիր գնալիս էլ ավելանա 2500 դրամ։ Ես բավականին գումար եմ աշխատում և ինձ համար տուգանքներ տալը խնդիր չէ, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են 63 000 դրամով, ու 7 500 դրամը կարող էին վճարել լույսի ու գազի վարձ»,- ասաց նա։
Պարբերաբար խոսակցություններ են գնում դերասանների աշխատավարձերը ժամավճարով դարձնելու մասին։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում դրան Երանոսյանը՝ ինչին ի պատասխան դերասանն ասաց․ «Ես աշխատում եմ պետական թատրոնում և պետությունն ինչքան ասում է աշխատի, ես մի բան էլ ավել եմ աշխատում ու դրա դիմաց ստանում եմ 63 000 դրամ։ Կան նաև մարդիկ, որոնք ուղղակի նստած են աշխատավարձ ստանում։ Սակայն ես և իմ ընկերները կարողանում ենք այնպիսի պրոյեկտներ ստեղծել, որ կարողանում ենք բավականին գումարներ աշխատել։ Խնդրում եմ, որ պետությունը ուշադրություն դարձնի դերասաններին և հանդիպումներ լինեն ոչ թե ղեկավարների, այլ հենց դերասանների հետ․ չե՞ որ դերասանն էլ ունի խնդիրներ։ Թատրոնի դերասանի 63 000 դրամ աշխատավարձը խնդալու գումար է։ Թող թատրոնում դերասանը ամեն ելույթի համար գոնե ստանա 10 000 դրամ։ Թող հանեն այն դերասաններին, որոնք ոչինչ չեն անում և աշխատավարձ են ստանում պետությունից։ Թող թատրոնի բեմն անվճար տրամադրեն՝ հնարավորություն տալով դերասանին ներկայացում բեդրել, վաճառել և ավել գումար վաստակել, ինչպես ես եմ անում։ Ոչ թե թատրոնի բեմը վարձակալությամբ տան, որ դերասանն էլ չիմանա՝ ինչ անի»,- նկատեց Երանոսյանը։