Հայաստանում տնտեսական գործընթացներում դրական միտումները պահպանվում են: Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական տրամադրությունները շարունակում են լավը լինել: Խոսելով բյուջեի նախագծերում կառավարության ծրագրերի արտացոլման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գործադիրը հակված է պահպանողական սցենարին:
«2019 թվականի բյուջեի հիմքում դրված էր 4.9 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Այսօր, եթե մենք դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսների մեր ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումը շատ ավելի մեծ է: Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամնենալավատեսական կանխատեսումը, այլ պահպանողականը, սակայն ձգտում ենք ավելիին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նույն մոտեցումը եղել է 2018 թվականին: Բյուջեով նախատեսված է եղել 4.5 տոկոս տնտեսական աճ, փաստացի եղել է 5.2 տոկոս: Այդ միտումները նկատվում են նաև ընթացիկ տարվա ցուցանիշներում: Ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով նշվում է 7.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Վարչապետը նկատեց, որ միջազգային կազմակերպություններն, առանց բացառության, վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ գնահատականները՝ բարձրացման միտումով:
«Ըստ այդմ, ընդգծեմ, որ այս տարվա 10 ամսվա տվյալներով ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7 տոկոս, շինարարության 4.4 տոկոս, առևտրի շրջանառության 8.8, ծառայությունների 15.5 տոկոս աճ: Ունենք նաև միջին աշխատավարձի աճ 5.9 տոկոսի չափով: Արտահանման ծավալը ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով աճել է 7.9 տոկոս: Ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով, մինչև 3 տոկոս կրճատում կար, սակայն այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք»,-ասաց վարչապետը:
Նա ներկայացրեց սպառողական գների ինդեքսը, ըստ որի, գնաճի ցուցանիշը կազմել է 1.6 տոկոս: Նիկոլ Փաշինյանի խոսքով, խնդիրներ կան գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: Այս տարվա 10 ամսվա տվյալներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 95.2 տոկոս, այսինքն՝ 4.8 տոկոս նվազում է գրանցվել:
«Այստեղ մի նրբության մասին կուզեի խոսել: Գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել: Ներկրված սպիրտը, երբ փորձում էին «տեղավորել», ցույց են տվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ, հիմա այդ մեխանիզմները փակված են: Բայց ես ուզում եմ ասել, որ լավ լուր ունենք գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ըստ էության, 10 ամսվա նախնական օպերատիվ տվյալներով ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտավորապես 15 տոկոս աճ, կենդանական ծագման արտադրանքի 3.3 տոկոս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: