«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է վերստուգվի, նոր հրապարակվի, այս է պատճառը, որ մենք նախկինում ունեցած փորձը հաշվի առնելով մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: