Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը և այդպիսի մեղադրանքի համար ստորագրությամբ չհեռանալը, որպես խափանման միջոց ընտրելը, ինձ համար տարօրինակ է,- ասաց  է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին:

«Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու Բաբլոյանին նման ծանր մեղադրանք առաջադրվեց, երբ մեր երկրում կան մարդիկ, որոնց շատ հանգիստ կարելի էր այդ հոդվածներով մեղադրել, բայց, իմ վստահ համոզմամբ, ո՛չ Բաբլոյանին»:

Պատգամավորը պնդում է, որ, եթե անգամ մեղադրանքն առաջադրելու հիմքեր կան, ապա դրանք պետք է ներկայացվեն հանրությանը, որովհետև այսպիսի պայմաններում ծանրակշիռ հիմքերի առկայության  վերաբերյալ կասկածներ են առաջանում:

«Ես ոչ մամուլի, ոչ պատկան մարմինների  հրապարակումներում չգտա ոչ մի էական ու հիմնավոր փաստարկ, որի հիման վրա կարելի էր այսպիսի ծանր մեղադրանք առաջադրել Բաբլոյանին: Միայն ինչ-որ  ստորագրություններ, ուշ կամ շուտ ստորագրելու մասին թղթեր էին, որոնք ինձ համար բավարար չեն»:

 

Անդրադառնալով այն հարցին, որ առաջադրված մեղադրանքը ենթադրում էր ազատազրկում, սակայն Բաբլոյանի պարագայում որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը, Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ ընկալում և չեմ հասկանում իրավապահ մարմինների գործողությունների տրամաբանությունը: Կարծում եմ, որ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն, որովհետև աշխատեցին բարոյական գծերը, որ բժիշկ մանկաբույժին, պետք չէ կալանավորել: Բայց նորից եմ ասում՝ այդպիսի մեղադրանքի դեպքում խափանման այս միջոցը տարօրինակ է»:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածներով, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև՝ միջազգային փորձում: Երկրորդ հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիքի մասով:

 

Աիդա Կիրակոսյան