«Այս հայտարարարությունները լոկ հայտարարություններ չեն և փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը ինչ ասում է դա անում է: Դրանք քարոզչական բնույթ ունեցող հայտարարություններ չեն, այլ՝ իրենց հետագա գործողությունների մասին ազդարարող հայտարարություններ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովի այն հայտարարությանը, որ Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ «Այն կմնա որպես թանգարանային նմուշ և Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»,- ասել է նա։

Զոհրաբյանը կարծում է, որ մեկ երկու սադրանքից հետո միջազգային հանրությունը Հայաստանին «բարեկամաբար» խորհուրդ կտա հետագա սադրանքներից խուսափելու համար զերծ մնալ օդանավակայանի շահագործումից. «Մենք գործ ունենք պոպուլիստ իշխանության հետ, որոնք իրենց կարծիքով ասֆալտ օպերացիան հարյուր տոկոսով գլուխ բերելուց հետո, անցել են օդանավակայաններ ցուցադրելուն և այս ամենը արվում է ներքաղաքական բոնուսներ հավաքելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Զոհրաբյանի խոսքով՝ Իշխանության վարկանիշը ինչքան անկում ապրի այնքան նրանք հասարակությանը կկերակրեն այսպիսի պոպուլիստական հայտարարություններով. «Եթե Հայաստանի իշխանությունը ունենա այնքան վճռականություն և չընկրկի Ադրբեջանի սպառնալիքների առջև, միջազգային գործընկերների երաշխիքների ներքո շահագործի Կապանի օդանավակայանը, դա կլինի արդյունավետ երթուղի»,- ասաց նա՝ նշելով, որ ավելի քան վստահ է՝ այս շոուն ավարտվելու է մեկ անգամյա այցով, որի թիվ մեկ և վերջին ուղևորը կլինի Նիկոլ Փաշինյանը:

«Ալիևը թքած ունի միջազգային հանրության վրա, ով է խանգարելու Ալիևին խփել քաղաքացիական ինքնաթիռ և հերթական անգամ մնալ անպատիժ։ Այսօր միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառելու, որովհետև միջազգային հանրությունը կտրվել է ռուսական նավթից և դրա պակասը փորձում է լրացնել Ադրբեջանից։ Ադրբեջանն էլ շատ հրաշալի դա հասկանում է և փորձելու է առավելագույնս օգտագործել իր շահեկան իրավիճակը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյան

Լիլիթ Զալիբեկյան