ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Սոցիալական գործընկերության 10-րդ ազգային գիտաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է սոցիալական գործընկերության ամրապնդումը: ՀՀ կառավարությունը առանցքային է համարում աշխատանքի խրախուսումը և աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը բոլորի համար՝ հատուկ շեշտադրելով երիտասարդներին և կանանց։ Սրա վառ ապացույցն են նաև «Արժանապատիվ աշխատանք» և «Աշխատիր՛, Հայաստան» ծրագրերը, որոնք մշակվել են կառավարության և նախարարության կողմից՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ։ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և Առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների բարելավումը ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության, մեր օրակարգում են։ Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերի շնորհիվ կարող ենք ոչ միայն աշխատանքի հնարավորություններ ստեղծել Հայաստանում, այլև բարելավել աշխատանքային պայմանները, զարգացնել աշխատանքային իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմները»,- այս մասին Սոցիալական գործընկերության 10-րդ ազգային գիտաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Աշխատանքի ապագան Հայաստանում» անվանումով ազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են աշխատաշուկայում երիտասարդների ակտիվ ներգրավվման հնարավորությունների հեռանկարը, Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, աշխատանքի անվտանգության և աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր և այլն։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գիտաժողովը առանձնահատուկ է բնութագրել նաև նրանով, որ այն ընթանում է ԱՄԿ 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում, որը բոլոր երկրներին փորձում է ուղղորդել կայուն զբաղվածության գաղափարախոսության, սոցիալական երկխոսության ճանապարհով՝ դեպի արժանապատիվ աշխատանք, կայուն ձեռնարկատիրություն և կայուն զբաղվածություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը էական է համարել միասնական ջանքերի միջոցով ոչ միայն աշխատանքի հնարավորություններ ստեղծումը, այլև աշխատանքային պայմանների բարելավումը՝ միևնույն ժամանակ հնարավորություններ ստեղծելով սոցիալական գործընկերությունը կայացման համար.
«Ես համաձայն չեմ հաճախ հնչող այն կարծիքների հետ, ըստ որոնց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և աշխատանքային պայմանների բարելավումը կարող են խոչընդոտել կամ սահմանափակել գործարար միջավայրի հնարավորությունները։ Հակառակը. վստահ եմ՝ աշխատողի համար ստեղծված բարենպաստ պայմանները և նրա կարողությունների զարգացումը միայն կարող են նպաստել հավելյալ արդյունքի ձևավորմանը։ Մեզ համար հենց այս սկզբունքի վրա պետք է հիմնված լինի Աշխատանքի ապագան Հայաստանում»,- ասել է նախարարը։
Զ․ Բաթոյանը նաև համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ նախարարությունը կլինի այն առաջամարտիկը, որը նպաստելու է սոցիալական երկխոսության պլատֆորմի ձևավորմանը, սոցիալական երկխոսության կայացմանն ու զարգացմանը։