Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։ Տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մի քանի օր տևած աշխատաքի արդյունքում տեղեկությունները հիմնավորլ են, նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել է 1937 թվականին ծնված մի կին, որը ժամանակավոր բնակվելիս է եղել ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ և 1972 թվականին ծնված ազգականի միջև վեճ է ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել է ազգականուհուն։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել է։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են Նոր Արեշի 11-րդ փողոցի այն տունը, որտեղ կատարվել է հանցագործությունը։
Օպերատիվ տեղեկությունները հաստատվել են․ նկուղում հայտնաբերվել են մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Սպանվածի քույրը 2005 թվականին ոստիկանությունում հաղորդում էր տվել քրոջ անհետ կորչելու վերաբերյալ՝ չիմանալով, որ նրան սպանել են։
47-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։