ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու եւ ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ նյութը: Դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով.

 

«Նախաքննության կատարման համար քրեական գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին: Հարուցված քրեական գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները եւ իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին»։