ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 2-ին, ժամը 16:11-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժածներից մեկը՝ Կորյուն Ղ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այնուհետև Կորյուն Ղ.-ն տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ: Դիաննա Ղ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել' «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն՝ Երևանի մեկ այլ բժշկական կենտրոն (բժշկական կենտրոնը չի հաջողվել պարզել):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: