ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական եւ տարածքային մարմինների ղեկավարները
Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսեւորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարվող աշխատանքների առավել համակարգված իրականացմանը, այլ մարմինների հետ համագործակցության մակարդակի բարելավմանը, ինչպես նաեւ ժամանակակից մարտահրավերների ու հակազդեցությունների չեզոքացմանը վերաբերող հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանք լուծելու ու խոչընդոտները հաղթահարելու ուղիները:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից կենտրոնական եւ տարածքային մարմինների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձարարականներ՝ Հայաստանի Հանրապետությանում կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում ՀՀ ազգային անվտանգության ծառայության առավել լայն ներգրավվածության եւ աշխատանքների հետեւողական իրականացման ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը վերահսկելու եւ ժամանակին դրանց արդյունքների մասին զեկուցելու համար Է. Մարտիրոսյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին տվեց խիստ ցուցումներ: