Արդեն հայտնի դարձած միջոցառման՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգ»-ի  մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց  ներկայացման մասնակից, «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի հետ: Նրանից իմացանք, թե ինչպես է հայտնվել ներկայացման մեջ, ում առաջարկով և ինչ վերաբերմունք ունի իրենց հասցեին հնչող քննադատությունների  վերաբերյալ: 

«Պարն իմ հոբբին է: Պարով դեռ փոքր տարիքից եմ զբաղվում: Վերջին տարիներին հաճախում եմ Հասմիկ Թանկյանի խումբ, որը ժամանակակից պարի լաբորատորիա է: Այդ ներկայացումը սկզբում եղել է Հասմիկի (պարագիր, արվեստաբան, նախագծի կազմակերպիչ ու կատարող) մագիստրոսական թեզը:  Նա ուսումնասիրել է 1920-ական թվականների պոեզիան: Դրա հիման վրա էլ բեմադրվել է ներկայացումը: Սկզբում նախատեսված է եղել, որ 2 հոգի մասնակցեն: Հետո կարիք եղավ, որպեսզի մի քանի հոգի ևս ավելանան: Ու քանի որ ես էլ իրենց խմբից եմ, առաջարկեցին ինձ»,- նշեց նա:

Խաչունցն ասաց, որ իրենց համար զարմանալի չէր արձագանքը, որը եղավ. «Իրականում հատուկ ուղղորդված ազգայնականների խումբը փորձը տապալել էր: Մեզ համար պարզ էր, որ բուն ներկայացման ընթացքում էլ կլինեն խնդիրներ: Չգիտեմ էլ ինչու, բայց ներկայացումն սկսեցին ասոցացնել Ստամբուլյան կոնվենցիայի, Սորոսի հիմնադրամի, սատանիստների, ԼԳԲՏ համայնքի հետ: Ուզում եմ հատուկ նշել, որ ոչ մի նման ենթատեքստ այստեղ չկա: Սա ընդամենը մշակույթային միջոցառում է, որի ընթացքում  ֆուտուրիստ պոետների ստեղծագործություններ են հնչում: Ներկայացման տևողությունը 1 ժամ էր»,- ասաց նա:

 

Մեզ հետ զրույցում Խաչունցը հատուկ նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից դրամաշնորհ ստանալու հարցում ինքը որևէ միջամտություն չի ունեցել և այդ դրամաշնորհն իր գործոնով պայմանավորված չի եղել. «Ես նույնիսկ չգիտեի, որ Հասմիկը դիմել է նախարարություն: Շատ ուրախացա, երբ իմացա, որ դրամաշնորհ է ստացել: Անկեղծ, այսօր եմ իմացել, թե որքան է դրամաշնորհի չափը»:

Փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք մասնակիցները գումար ստացել են, ի պատասխան Խաչունցն ասաց, որ չգիտի, թե որքան գումար են ստացել մասնակիցները և թե ում մոտ է այն. «Իսկ նախարարության էջում կա պայմանագրի էլեկտրոնային տարբերակը, որտեղ նշված է, թե ինչի վրա է ծախսվել գումարը և ով որքան գումար է ստանալու»,- պատասխանեց նա:

 

«Ներկայացման հեղինակը երկրում չէ, բայց մենք, ամենայն հավանականությամբ, մոտ օրերին ասուլիս կունենանք, իսկ Հասմիկ Թանկյանին կփորձենք տեսազանգի միջոցով ներգրավել: Նա այսօր է մեկնել երկրից՝ միջազգային մշակութային միջոցառման մասնակցելու»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է Խաչունցին տեսնենք այլ միջոցառումների շրջանակում ևս, նա պատասխանեց՝ կարծում է, որ Հայաստանում ժամանակակից փորձարարական արվեստը պետք է զարգանա. «Ինչու ոչ, ես էլ կարող եմ լինել այդ արվեստը ներկայացնողներից մեկը: Ուզում եմ նորից ասել, որ պարն ինձ համար հոբբի է, բայց այն հարթակ է մարդկանց կրթելու և ժամանակակից  աշխարհի զարգացումը մարդկանց հասցնելու համար»,- խոսքն ամփոփեց Խաչունցը՝ ընգծելով, որ իրենց գործը բարի է:

Լուսինե Մարդոյան