Երեկ և այսօր ընթացող երկու անչափ ռեզոնանսային դատական նիստերի ամենաուշագրավ առանձնահատկությունը կայանում է դրանց ընթացքում հնչած աղմկահարույց հայտարարություններում: Բանն այն է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ուշագրավ հայտարարություն է արել ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը: Դատարանը քննարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հերթական միջնորդությունը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կողմ է կալանքը փոխելուն: Նա հայտարարել է, թե հարգում է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով հարազատ կորցած անձանց, բայց այդ դատավարությունը կապ չունի զոհերի հետ եւ այդ դատավարությունը կապ ունի Հայաստանի երեք նախագահների ընտրական ու հետընտրական խնդրի հետ: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «մեկը ընտրվել էր, մյուսը չէր ընդունում ընտրությունը, եւ երրորդը պետք է ինչ-որ կերպ կարգուկանոն ապահովեր եւ փոխանցեր իշխանությունը հաջորդ ընտրված նախագահին»: Օհանյանը հայտարարել է նաեւ, որ այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով կալանքում, անհավասար պայմաններում է: Ըստ Օհանյանի՝ կան մարդիկ, որոնք հրճվում են, թե ինչպես է երկրորդ նախագահը գտնվում կալանքի տակ: Ուշագրավ է, իհարկե, թե ում նկատի ունի Օհանյանը, ում համեմատությամբ է Քոչարյանը անհավասար պայմաններում, ով և ինչ պատճառներով է վերջիններիս դրել այս անհավասար պայմանների մեջ և ո՞վ է հրճվում Քոչարյանի կալանքի տակ գտնվելու փաստից: Ակնհայտ է, որ Օհանյանը նկատի ունի Սերժ Սարգսյանին, ում համար էլ փաստացի Քոչարյանը ապահովում էր իշխանության լեգալ և լեգետիմ անցնցում փոխանցումը: Մինչդեռ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որևէ կերպ չի երևացել և թերևս Օհանյանի մեսիջը հենց այդ խնդիրն էր շոշափում՝ եթե Սարգսյանը նոր իշխանությունների հետ ունի ինչ-ինչ պայմանավորվածություններ, ապա Քոչարյանը և մյուսները հասկացնում են, որ չեն պատրաստվում դառնալ այդ պայմանավորվածությունների զոհերը և չեն պատրաստվում զոհաբերվել, համենայնդեպս՝ միայնակ:
Սերժ Սարգսյանի անունը դատական քրոնիկայում հնչեց նաև այսօր, սակայն արդեն շատ ավելի հստակ և առանց տողատակերի: «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով իր ցուցմունքում առաջին անգամ բավական ուշագրավ պնդումներ է արել, մասնավորապես, որ ոստիկանին սպանելու հրամանը տրվել է անմիջապես Սերժ Սարգսյանի կողմից:
Նախկինում նման բացահայտումներ չեն արվել և Սերժ Սարգսյանի թիրախավորումն սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս իր հարցազրույցի ընթացքում խոստացավ մոտ ապագայում հասարակության հետ անկեղծ զրույց ունենալ: Թե ինչպես այդ հարցազրույցին արձագանքեց երկրորդ նախագահը, արդեն ասացինք, իսկ Ավետիսյանի ցուցմունքը, թերևս, կարելի է համարել համաձայնեցված քայլ իշխանությունների հետ, որոնց հետ, ի դեպ, «Սասնա ծռեր»-ի հարաբերություններն օր օրի ջերմանում են: Ավետիսյանի միջոցով Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին՝ ակնարկելով, որ պայմանավորվածությունների խախտման մասին լատենտ մեսիջներ անելը կարող է հանգեցնել նրան, որ երրորդ նախագահին պատին սեղմեն նաև ՊՊԾ գնդի քրեական գործով:
Զուգադիպություն է, թե ոչ, սակայն սլաքները դեպի Սարգսյանը սկսեցին ուղղվել երեկ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, ըստ ՀՀԿ հաղորդագրության, եղել է դեսպանի նախաձեռնությամբ, նա հետաքրքրվել է ՀՀԿ ծրագրերով եւ հավաստիացրել, որ հանդիպումները կլինեն պարբերական: Դա հետաքրքիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանն սկսում են ԱՄՆ-ի հետ ինչ-որ գործընթաց, եթե հաղորդագրության մեջ տեղ է գտնում դեսպանի այն հավաստիացումը, որ «այսուհետ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ»: Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՀՀԿ-ի համար շարունակելու է գերակա մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ռեգիոնալ կայունության ու խաղաղության հարցերը: Գուցե Սերժ Սարգսյանը իր անկեղծ զրույցը սկսել է հենց ԱՄՆ դեսպանի հետ ունեցած հանդիպման ընթացքում և այդ հանգամանքն է ստիպում դաշտի մնացած խաղացողներին անել իրենց քայլը: