Առհասարակ նկատվում է մի օրինաչափություն՝ որքան հաճախ Սերժ Սարգսյանը և նրան սպասարկող թիմի անդամները խոսում են Եվրոպայում, Վիլնյուսում ինչ-ինչ փաստաթուղթ ստորագրելու, Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, այդքան սրընթաց Սերժ Սարգսյանը քայլեր է անում դեպի Ռուսաստան, դեպի Մաքսային միություն, դեպի համագործակցության բոլոր ֆորմատները, որտեղ գերիշխող դեր է կատարում Ռուսաստանի Դաշնությունը: Նման տեսակետ Newsbook.am-ի հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
«Այսինքն՝ սպասենք, որ վերադարձից հետո Սերժ Սարգսյանն ու նրա թիմը կրկին խոսելու են Եվրոպական ուղղության մասին, իսկ իրականում դա նշանակելու է մեկ բան, որ անվերապահորեն խորացվելու են հարաբերությունները Եվրասիական միության և Մաքսային դաշինքի հետ», – նշել է նա:
«Նշենք, որ Մինսկում կայացած՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը Մաքսային միության առաջնորդներին է դիմել՝ խնդրելով Հայաստանին հնարավորություն տալ հնարավորինս արագ ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Այս համատեքստում ՀԱԿ անդամից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի կողմից ցուցաբերված այս շտապողականության պատճառը»,-գրում է կայքը և մեջբերում. «Չեմ կարող ասել, թե ինչպիսի շարժառիթներ ունի նա շտապելու, իր քաղաքականությունը բացարձակ փակ, ոչ թափանցիկ որոշումներ կայացնելն է: Դրանով է նա աչքի ընկել իր կառավարման ընթացքում և շարունակում է նույն ոճով աշխատել նաև այսօր»,-մեջբերման ավարտը:
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենք պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնգիրը՝ Վլադիմիր Կարապետյանը դրանք որակել է՝ բլեֆ, որոնցում որևէ ճշմարտություն չկա:
«Պարզապես մոլորեցնում են ժողովրդին, ուզում են այդ հայտարարություններով նման կտրուկ շրջադարձի առաջացրած ցասումը մեղմել»,- ասել է նա:
Կարապետյանի համոզմամբ՝ բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրելու, դրա հնարավորությունը նրան չի տրվելու, քանի որ նա կորցրել է իր վստահությունը:
«Իսկ այն, ինչ Սերժ Սարգսյանն անում է Մաքսային միության ուղղությամբ, ինձ համար հասկանալի չէ, որովհետև Հայաստանը կարող է ունենալ և ունի բազմաթիվ վերապահումներ տնտեսական փաստաթղթերի մասով, իսկ այդ վերապայումների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին պարտադիր անդրադարձ պետք է կատարել»,- եզրափակել է Վլադիմիր Կարապետյանը: