Չեմ հիշում դեպք, որ Հայաստանի նախագահներն ԱՊՀ գագաթաժողովի հարթակն օտագործեին մեր երկրի ներքաղաքական օրակարգը ներկայացնելու համար: Հայաստանի նախագահներն այս ամբիոնից սովորաբար արժևորել են ԱՊՀ-ն, գովերգել են հայ-ռուսական հարաբերությունները, ներկայացրել են մեր երկրի պաշտոնական տեսակետները Ղարաբաղի հարցում: Այս թեմաներն իհարկե երեկ արծարծված էին նախագահ Սերժ Սարգսյանի Բիշկեկի ելույթում:

 

Բայց Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի սահմանադրական ռեֆորմի, ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնությունների, կառավարության փոփոխության և խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին: Դժվար է ասել, թե որն է եղել մեր ներքաղաքական օրակարգը Բիշկեկում ներկայացնելու Սարգսյանի մոտիվը: Հաստատ խնդիրը հաշվետվությունը չէ: Եթե մեր իշխանությունները որոշակի պարտավորություններ ունեն Կրեմլի առաջ, ապա բացարձակապես հաշվետու չեն Լուկաշենկոյին կամ Նազարբաևին:

 

Մնում է ենթադրել, որ հուլիսյան իրադարձություններն էապես հարվածել են Հայաստանի իշխանության հեղինակությանը՝ ծնելով նման ելույթի անհրաժեշտություն:

 

Սերժ Սարգսյանը փորձում էր բոլորին հավաստիացնել, որ ինքը ոչ միայն վերահսկում է իրավիճակը երկրի ներսում, այլև պատրաստ է կադրային բարդ լուծումներ գտնել կամ դառնալ անցնցում ընտրությունների անցկացման երաշխավոր:

 

Մյուս կողմից Ս. Սարգսյանը խնդիր ունի ապահովել իշխանության վերարտադրության իր ծրագրի միջազգային լեգիտիմությունը: 

 

Այդ նպատակով նա պատրաստ է օգտագործել տարբեր հարթակներ՝ ՄԱԿ-ում կամ ԱՊՀ-ում ներդրումային միջազգային համաժողովում կամ երկկողմ ձևաչափերում:

 

Պատահական չէ, որ երեկ Բիշկեկում Սարգսյանը խոսում էր հենց այն քայլերի մասին, որոնք ամբողջացնում են իշխանության վերարտադրության գործընթացը:

 

Այլ խնդիր է, որ ԱՊՀ խորհրդի նիստը քաղաքական «շնորհանդեսի» ամենահարմար հարթակը չէ:

 

Սարգիս Հակոբյան