Սերժ Սարգսյանը Բրյուսելում հարցազրույց է տվել Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին՝ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո:

 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ անցկացված բանակցություններից հետո կարելի՞ է արդյոք ասել, որ այժմ քայլ է արվել դեպի 2013-ին մերժված ասոցացման համաձայնագրիրը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Սյս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով դրանցում տարբերությունը չնչին է: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, պետք է այնպես արվեր, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Ի սկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք համատեղության մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսաստանը երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք: Եվրասիական տնտեսական միության անդամ չլինելու դեպքում դուք պարտավոր կլինեք էներգակիրները գնել միջազգային գներով»:

 

Սերժ Սարգսյանին լրագրողը նաև հարցրել է ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, բացի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանից,քանի որ  նրան Եվրոպայում արդեն գիտեն.

 

«Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Մխիթարյան, Լևոն Արոնյան, օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով: Բացի այդ Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, որ ամենակարևորն է, մենք կարող ենք եվրոպացիների համար կանխատեսելի և հուսալի հարևան լինել»:

 

Սերժ Սարգսյանը հարցազրույցում նաև անդրադարձել է նաև իր՝ ՀՀԿ ցուցակում չհայտնվելուն, ասել է. «Դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: Բացի այդ, այսպես մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին իրենց դրսևորել քաղաքականության մեջ»:

 

Հարցազրույցն առավել մանրամասն՝ դիտեք առաջարկվող տեսանյութում: