Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել:
Այս մասին ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ գրավի չափը կազմում է 5 միլիոն դրամ:
«Պարոն Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում ու պնդում է, որ հափշտակություն չի կատարել»,- ասաց Անանյանը:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշյալ քրեական հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, պաշտոնեական կեղծիքին և փաստաթղթերի կեղծմանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղդասարյանի ղեկավարման տարիներին տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ:
Ըստ նախնական տվյալների' վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: