Բարձրագույն դատական խորհրդում, փաստորեն, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն․ ինչպես տեղեկացրել ենք՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ պատճառաբանությամբ, թե իր մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։ Հովհաննիսյանի հրաժարականի պատճառը կռահելն այնքան էլ դժվար չէ, բանն այն է, որ վերջինս ԲԴԽ նախագահ դառնալու հավակնություններ ուներ, դեռևս, ամիսներ առաջ, երբ մայիսին պաշտոնից հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը։

Այն  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, բոլոր դատավորները պետք է ենթարկվեին, այսպես կոչված, վեթինգի: Թեև ԲԴԽ բոլոր անդամները վարչապետի հայտարարությունն ընկալում էին իշխանության կողմից դատական գործերի միջամտություն, սակայն Հայկ Հովհաննիսյանը այն միակն էր, ով վարչապետի կոչն ընկալում էր որպես հանուն դատական իշխանության գործողություն․ «Վարչապետի կոչին դրական եմ վերաբերվում, այն տեսա որպես հնարավորություն ինչ-որ բան փոխել դեպի լավը միասին։ Ես չընկալեցի դա որպես դատական իշխանության դեմ ուղղված գործողություն, այլ ես դա ընկալեցի որպես հանուն դատական իշխանության գործողություն», - նշել էր Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայկ Հովհաննիսյանը Պլան Բ էր մշակում ԲԴԽ նախագահ դառնալու համար, որպեսզի աշնանը ակնկալվող վեթինգի ժամանակ ԲԴԽ նախագահ ընտրվի գիտնական անդամներից ու Հովհաննիսյանն հենց իրեն էր պատկերացնում այդ պաշտոնում։

 

Թերևս Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատումն այնքան էլ անսպասելի չէր․ դեռ ամիսներ առաջ այդ մասին բուռն խոսակցություններ էին գնում, նրա գործունեության շուրջ լուրջ աղմուկ էր հասունանում, խոսակցություններ կային, որ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնությունների մեջ էին Հայկ Հովհաննիսյանի հետ:

Չնայած Հովհաննիսյանի ջանքուեռանդին՝ վարչապետից ակնկալվող հույսերն ի վերջո մարեցին աշնան վերջին՝ ինչն ազդարարեց ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելով։

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Իսկ հուլիսի 11-ին ԲԴԽ նախագահ էր ընտրվել Ռուբեն Վարդազարյանը: